Արցախի պետական կառավարման համակարգն այլեւս ունակ չէ արդյունավետ կառավարելու. Տիգրան Աբրահամյան
Արցախի պետական կառավարման համակարգն այլեւս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչեւ երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր եւ առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այստեղ խնդիրը համակարգային է եւ նոր իրավիճակներում այն պետք է արմատական վերափոխումների ենթարկվի։
Արցախում առաջիկայում սահմանադրական փոփոխությունների գործընթաց է սպասվում, որի աշխատանքները դեռ տարեսկզբին են մեկնարկել, սակայն այդ փոփոխությունները, չնայած մի քանի առանցքային վերանայումներ են ենթադրում, սակայն գլխավոր սպառնալիքների դիմակայման, չեզոքացման եւ ռիսկերի կառավարման խնդիրը չեն լուծում։
ՀՀ-ում 2018-ին սկիզբ դրված Արցախի օտարման գործընթացը, 44-օրյա պատերազմի ողբերգական հետեւանքները ու ՀՀ իշխանությունների՝ ԼՂ հակամարտության հարցում ունեցած դիրքորոշումն Արցախին ստիպում է ամբողջությամբ վերանայել ներքին քաղաքականությունից, տնտեսությունից մինչեւ պետական համակարգում եղած ստատուս քվոն եւ անցնել ճգնաժամային կառավարման։
Սա ենթադրում է եւ՛ համակարգային, եւ՛ գաղափարական, եւ՛ գլխավոր դերակատարների ռադիկալ փոփոխություն»,- գրել է նա։