Օգոստոսի 20-ին Աղավնոյում լույսը, կապն անջատվելու է, պետք է կարողանանք բնակչությանը անվտանգ տարհանել. Անդրանիկ Չաուշյան

Մինչև օգոստոսի 20-ը պետք է կարողանանք գյուղն ամբողջությամբ դատարկել, բոլորն էլ ցանկություն ունեն մնալու, բայց դա հնարավոր չէ, օգոստոսի 20-ի առավոտյան լույսն ու կապն անջատվելու է, հնարավոր է ջուր էլ չլինի, բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնած: Հիմա առաջնային հարց է բնակիչներին խաղաղ ձևով գյուղից տարհանելը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը:
Նրա խոսքով՝ Աղավնոյի բնակիչները տեղափոխվում են երեք ուղղությամբ՝ Արցախ, Սյունիք և Երևանի ծայրամասեր, տեղափոխման խնդիրների առջև են կանգնած, պետք է կարողանան այդ հարցերը կանոնակարգել․ «Հայրենիքը բոլորինս է, պետք է կարողանանք մարդկանց օգնել, այս պահին մարդուժի կարիք ունենք, որ բնակիչները կարողանան իրենց իրերը տեղափոխել, ոչ թե ստիպված այրեն: Մարդիկ իրենց իրերը հանում են և չգիտեն՝ ուր տանեն, Երևանում հարմար գնով տուն չեն կարողանում գտնել: Ամեն ինչ չենք կարող բարձրաձայնել, միայն կարող եմ ասել, որ մինչև 25-ը բոլորը պետք է հասցնեն տարածքից դուրս գալ՝ բանվորներ, և այլն, որ հետո այլ խնդիրներ չառաջանան»: