«Ես քաղաքական գործընթացներն եմ մեկնաբանում, այլ ոչ թե կրկեսը, ես թատերական կրիտիկ չեմ․․․»․ Հայկ Մամիջանյանը չի մասնակցի ԱԺ խորհրդի արտահերթ նիստին
Ազգային ժողովում այսօր տեղի կունենա խորհրդի արտահերթ նիստ: Խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված նախագծի համաձայն՝ օրակարգում ընդգրկված է Ազգային ժողովի ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չէին ներկայացել, իսկ այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով:
ԱԺ խորհրդի անդամներն են՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Հայկ Մամիջանյանը և Թագուհի Թովմասյանը։ Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ չի մասնակցելու այսօր հրավիրված խորհրդի նիստին։
168.am-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց՝ արդյոք մասնակցելո՞ւ է ԱԺ խորհրդի նիստին, պատգամավորն էլ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ չի մասնակցելու։
168.am