22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաքուն ու Անկարան երբեք չեն «հագենալու» պահանջներ ներկայացնելուց. «Փաստ»

Պատերազմի ավարտից հետո Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գլխավորապես տեղափոխվել են դիվանագիտական պայքարի դաշտ։ Այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ հիմնախնդրի դիվանագիտական կարգավորումը պետք է տեղի ունենար հատուկ դրա համար 1997 թվականին ստեղծված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մադատի ներքո։ Սակայն այն իրողության պայմաններում, երբ Ադրբեջանն առանց միջազգային դիմադրության հանդիպելու ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ՝ ձգտելով ռազմական ճանապարհով հիմնախնդրի միակողմանի լուծում պարտադրել, Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը երկրորդական պլան մղվեց։

Դրան էլ այս տարի գումարվեց այն հանգամանքը, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացման ֆոնին Մինսկի խմբի համանախագահության միասնական գործունեությունը կասկածի տակ է դրվել։ Անգամ համանախագահները չեն շփվում միմյանց հետ։ Եվ այս ֆոնին շատ հետաքրքիր է հայկական կողմի դիրքորոշումը։ ՀՀ իշխանությունները յուրաքանչյուր առիթի պնդում են, թե հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սակայն իրենց գործողությունները ցույց են տալիս, որ համաձայնում են բանակցել համանախագահության ինստիտուտը շրջանցող ձևաչափերում։ Հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումները կազմակերպելու և կողմերին սեղանի շուրջ նստեցնելու հարցում արդեն տարբեր կողմերից միջնորդական դերակատարություն ստանձնելու փորձեր են կատարվում։

Օրինակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումներն ինչ-որ ժամանակ կարող են կազմակերպվել Ռուսաստանի միջնորդությամբ, ապա որոշ ժամանակ անց նախաձեռնությունը կարող է անցնել ԵՄ-ին՝ ի դեմս Շառլ Միշելի միջնորդական ջանքերի։ Միևնույն ժամանակ, տեսանելի է, որ Թուրքիան ևս մեծ ջանքեր է ներդնում հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումներն իր միջնորդությամբ անցկացնելու ուղղությամբ։ Անկարայի նպատակն է, որ կոնկրետ ազդեցություն ունենա Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող դիվանագիտական գործընթացի վրա՝ այն այլ հարթակ տեղափոխելու միջոցով, օրինակ՝ Արցախյան հիմնախնդիրը դարձնել տարածաշրջանային «3+3» համագործակցության ձևաչափի քննարկման հարց։

Մյուս կողմից էլ՝ նկատելի է, որ հարևան Վրաստանը ևս փորձում է որոշակի միջնորդական դերակատարություն ստանձնել։ Օրինակ՝ անցյալ տարի վրացական կողմը միջնորդել էր 15 հայ գերիների վերադարձի համար։ Իսկ վերջերս էլ Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլ յա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի վերաբերյալ կողմերի մեկնաբանությունները աչքի են ընկնում ակնհայտ տարբերություններով։ Հայաստանի և Ադրբեջանի մեկնաբանություններում միայն ստանձնած պարտավորությունների կատարման և մտքերի փոխանակման մասին կետն է, որի շուրջ կողմերի դիրքորոշումները համընկնում են, սակայն այս հանգամանքը առկա հակադրությունների ֆոնին այնքան անկարևոր է, որ դրա մասին կարելի էր և չնշել։

Ընդհանուր առմամբ, այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները շատ հեռու են միմյանցից։ Եթե նայում ենք արտգործնախարարների հանդիպման մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, ապա կարող ենք նկատել, որ Բաքուն փորձում է հասնել Արցախի վերջնական հայաթափմանը, քանի որ պահանջում է, որ Արցախից դուրս գան հայկական զինված ուժերը։ Բանակցային փորձը ցույց է տալիս, որ եթե ադրբեջանական կողմի որևէ պահանջին էլ տեսականորեն հայկական կողմը համաձայնում է, ապա Բաքուն անընդունելի նոր պահանջներ է առաջ քաշում։ Օրինակ՝ երբ հայկական կողմը որոշեց իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը, դրան հետևեց Արցախից հայկական զինված ուժերը դուրս բերելու պահանջը։ Այսինքն, Բաքուն երբեք չի բավարարվելու պահանջներ ներկայացնելուց։ Եթե Մինսկի խմբի համանախագահությունը փորձում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շրջանակներում կողմերի մոտեցումների համընկնման համար պայմաններ ստեղծել, ապա այս կառույցի անգործությունը թույլ է տալիս Բաքվին անտեսել բոլոր միջազգային նորմերը և գործել կամայականորեն։ Ինչպես տեսնում ենք, բանակցային հարթակում Ադրբեջանն իրեն այնքան սանձարձակ է պահում, որ փորձում է մեկը մյուսի հետևից զիջումներ կորզել Հայաստանից։

Իսկ այս ընթացքում մեր իշխանությունները ամեն կերպ փորձում են տպավորություն ստեղծել կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին։ Իրականում ՀՀ իշխանությունների զիջողականությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ մեր ներքին հարցերում նրանք առաջնորդվում են թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքով կամ առնվազն ցանկություններով։ Օրինակ՝ տեղեկություն է շրջանառվում, թե իշխանությունների կողմից հրահանգ է տրվել, որ ճանապարհներին տեղադրված խաչերը հեռացվեն։ Խոսքը հատկապես վերաբերում է սահմանամերձ ճանապարհներին։

Փորձ է կատարվում այդ քայլը արդարացնել գեղագիտական հիմնավորումներով, բայց մարդկանց շրջանում խորանում են կասկածները, թե այդպիսով քայլեր են կատարվում Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկություններին ընդառաջ. բա որ ճանապարհները բացվեն, թուրքերն ու ադրբեջանցիները գան Հայաստան, կամ անցնեն Հայաստանով, խաչե՞ր պիտի տեսնեն: Այ, այ, այ… Այդ տրամաբանությամբ գուցե մի օր էլ եկեղեցիների վրայի խաչե՞րը հանել տաք… Այսպիսի քաղաքականության շրջանակներում է նաև, որ մեր իշխանությունները ավելի մեծ ջանասիրությամբ են քաղաքական հալածանքների ենթարկում այն մարդկանց, ովքեր «թթու խոսք» են երբևէ ասել Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին, բարձրաձայնել Ադրբեջանի ու Թուրքիայի հանցագործությունների մասին, եղել են Հայկական հարցի միջազգայնացման ջատագովներից և այլն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ