Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում ընթանում էր դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն փաստացի դատարանի որոշումը չի կատարվել: Դատավորը հայտարարեց, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկային հաջորդ նիստին բերման ենթարկելու համար: Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:
Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ չեն հարցաքննվել արդեն հրավիրված վկաները, նպատակահարմար չգտավ հրավիրել 3-րդ վկային:
Դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 25-ը, ժամը 14:00:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Աննա Դեմիրճյան