Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հայտարարություն է տարածել։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Ղազինյանը հուլիսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», – նշված է հայտարարության մեջ: