20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և տարբեր  գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել  են նաև նախորդ տարում իրականացված ծրագրերի արդյունքները:  

Զեկուցվել է, որ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի տրամադրման, տոհմային անասնաբուծության, ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերն էապես նպաստել են ոլորտի առաջընթացին: Մասնավորապես, արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճ, ինչը նպաստել է մեր երկրի պարենային անկախության խնդրի լուծմանը: Եթե 2010 թվականին ՀՀ-ում հացահատիկի ապահովվածությունը կազմում էր 36 տոկոս, ապա 2014-ին այն հասել է 51 տոկոսի: 2014-ին ավելացել են նաև մշակվող հողատարածքների ծավալները՝ գրեթե 15 հազար հեկտարով, արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության, մթերումների ծավալների էական աճ:

Գյուղատնտեսության նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պետական աջակցության բոլոր ծրագրերն այս տարի ևս կրելու են շարունակական բնույթ: Նախարարի տեղեկացմամբ՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ նախատեսվում է սկսել մարզերում կոոպերատիվների ստեղծման ծրագրի երկրորդ փուլը, որում կներգրավվի շուրջ 100 համայնք: Նշվել է, որ նույն ծրագրի առաջին փուլի իրականացումը, որի ընթացքում կոոպերատիվներ են ստեղծվել 50 համայնքներում, նպաստել է գյուղացիական տնտեսություններին գյուղտեխնիկայով ապահովմանը, գյուղատնտեսական աշխատանքների համակարգված իրականացմանը, անասնագլխաքանակի ավելացմանը: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում կբացվի 5 սպանդանոց, ինչը կբերի սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծմանը:      

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոռոգման սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ իրականացվում են համապատասխան քայլեր, որպեսզի բոլոր պոմպակայանները պատրաստ լինեն սեզոնի մեկնարկին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսական աշխատանքները լավագույնս կազմակերպելու հարցը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: Վարչապետը կարևորել է գերատեսչությունների և մարզպետարանների արդյունավետ, համակարգված ու միասնական աշխատանքը, հորդորել պատասխանատու անձանց ցուցաբերել նախաձեռնողականություն՝ առկա խնդիրների լուծման և նոր ծրագրեր իրականացնելու գործում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել տարբեր հարցերի լուծմանը և շեշտել բոլոր շահագրգիռ մարմինների հնարավորություններն ու ջանքերը համատեղելու կարևորությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ