Արցախահայությունն այժմ ապրում է ականներով և չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին փաստահավաք առաքելությունից, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ANCA-ից:
«Արցախում պատերազմի ժամանակ ավերված բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ մնացել են ավերակների տակ, անհամար տներ, անբնակելի, բնիկ հողերի առնվազն 70%-ը կորցնելուց բացի, արցախահայությունն այժմ ապրում է ականներով և հատկապես չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում երեխաների և ընտանիքների կյանքի համար», – նշել է նա:
«Հայ դատի հանձնախմբի Արցախ կատարած մեր վերջին այցի ժամանակ հարցազրույց վերցրեցինք 80-ամյա կնոջից, ով գերի էր ընկել իր գյուղի տանը, ականատես էր եղել ամուսնու ծեծին և ինքն էլ խոշտանգումների էր ենթարկվել», – ասել է նա:
ANCA-ն Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել է Արցախի աշխարհաքաղաքական մարտահրավերները, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանից նոր մանրամասներ իմացել 2020 թվականի պատերազմի ժամանակ իրենց պապենական տներից հեռացված 100,000 հայ փախստականների վիճակի մասին։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության առջև ծառացած ջրի ու գազի մարտահրավերները։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպել են նաև The HALO Trust-ի ներկայացուցիչների հետ, որոնց ականազերծման ջանքերը ավելի քան երկու տասնամյակ Արցախում փրկել են անթիվ կյանքեր: