20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համաշխարհային մամուլը` Գյումրիի ոճրագործության և դրան հաջորդած իրադարձությունների մասին

Գյումրիում հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի իրականացրած Ավետիսյանների ընտանիքի սպանությանն ու դրան հաջորդած վերջին շաբաթվա  իրադարձություններին անդրադարձել է նաև համաշխարհային, մասնավորապես արևմտյան մամուլը, գրում է interpress.am-ը:

Հունվարի 12-ին Washington Post-ը հրապարակեց «Ռուս զինվորը կասկածվում է Հայաստանում ընտանիքի 6 անդամների սպանութան մեջ» (Russian soldier suspected of killing family of 6 in Armenia) վերնագրով նյութը, որը պարունակում է Associated Press գործակալության տարածած տեղեկությունը: Ըստ հրապարակման՝ հայ իրավապահ մարմինները զբաղված էին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի որոնումներով, ով ինքնակամ լքել է ռուսական զորամասը և կասկածվում է Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության մեջ: Նույն վերնագրով նյութը տպագրված է նաև ABC Newsի լրատվամիջոցի անդրադարձում:

EurasiaNet.org Նյու Յորքում գտնվող վերլուծական կայքը հրապարակել է լրագրող Ջոշուա Կուցերայի հունվարի 12-ի անդրադարձը Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին վերնագրված «Ռուս զինվորականը մեղադրվում է հայ ընտանիքի վեց անդամների սպանության մեջ» (Russian Soldier Accused Of Killing Six Members Of Armenian Family): Ըստ լրագրողի, ռուս զինծառայող Պերմյակովը կասկածվում է սպանության մեջ, սակայն դեռևս պարզ չէ, թե նա ինչ կապ կարող էր ունենալ Ավետիսյանների ընտանիքի հետ:

Կուցերան անդրադառնում է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցերին՝ նշելով, որ այս ողբերգությունից հետո ռուս և հայ պաշտոնյաները ամեն կերպ փորձում են խուսափել հակառուսական և հակաբազային տրամադրությունների ի հայտ գալուց:

Հունվարի 13-ին The New York Times-ը «6 հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորը կալանավորված է» (Russian Soldier Suspected of Killing 6 Detained in Armenia) անդրադարձում, Associated Press գործակալության տրամադրած տեղեկության հիման վրա, տեղեկացրել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը կալանավորել են 6 հոգու գնդակահարման մեջ կասկածվող ռուս զինվորիականին, ով փորձում էր անցնել հայ-թուրքական սահմանը: Ըստ հրապարակման՝ ռուսական կողմը, որը Հայաստանի դաշնակիցն է, իր ցավակցություններն է փոխանցել հայկական կողմին և առաջարկել իր օժանդակությունը՝ հետաքննություն իրականացնելու հարցում: Նյութը տեղեկացնում է նաև Ավետիսյանների ընտանիքի 6 ամսեկան երեխայի վիրավոր լինելու փաստի մասին: Associated Press-ի տարածած նույն տեղեկությունը տպագրվել է նաև The Huffington PostThe Washington PostNewsdayTimes Unionպարբերականների կողմից:

Իր հերթին, Sky News ավստրալիական լրատվամիջոցը «Ռուս զինվորականը սպանում է 6 հոգու հայ ընտանիքից» (‘Russia soldier’ kills Armenia family-of-6) հոդվածում տեղեկացնում է, որ կասկածյալ Վալերի Պերմյակովը կալանավորվել է ռուս սահմանապահների կողմից Թուրքիայի հետ սահմանին և մեջբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարարՍերգեյ Շոյգուի խոսքերը, ըստ որի՝ ոչինչ չի կարող արդարացնել նման ոճրագործությունը անմեղ մարդկանց նկատմամբ:

Հունվարի 14-ին EurasiaNet.org Նյու Յորքում գտնվող վերլուծական կայքը հրապարակում է լրագրող Ջոշուա Կուցերայի մեկ այլ անդրադարձ Գյումրիի ողբերգության վերաբերյալ՝ վերնագրված «Զինվորը, ով սպանել է վեց հայերի կմնա ռուսական իրավասության ներքո» (Soldier Who Killed Six Armenians To Remain Under Russian Jurisdiction): Հոդվածում լրագրողը կարծիք է հայտնում, որ Պերմյակովը կմնա ռուսական իրավական լիազորությունների ներքո՝ չնայած հայ-ռուսական պայմանագիրը ռազմակայանի վերաբերյալ տալիս է հնարավորություն, որ նրան հանձնեն հայկական կողմին: Ըստ լրագրողի, սակայն, հայկական կողմը չի շտապում պնդել Պերմյակովին իրենց հանձնելու հարցում: Նա մեջբերում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, ըստ որի՝ ելնելով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասի դրույթից, որը արգելում է ռուս քաղաքացուն հանձնել օտարերկրյա պետությանը, քննարկումներ չեն ընթանում Պերմյակովին ՀՀ իրավասության ներքո հանձնելու մասին: Լրագրողը, սակայն, նշում է, որ պարզ չէ, թե ինչու ՌԴ սահմանադրական նորմը առաջ է գալիս Հայաստանի տարածքում տեղի ունեցածի մասով: Այն մեջբերում է նաև քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքը, որ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը չի ազդի հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վրա:

Իր հերթին Aljazeeran ևս անդրադարձել է Գյումրիի ողբերգությանը և դրան հաջորդած իրադարձություններին՝ «Հայերը ցանկանում են, որ իրենց հանձնեն ռուս զինվորականին » (Armenians seek Russian soldier’s handover) նյութում՝ տեղեկացնելով, որ շուրջ 1000 տեղացի հայեր շրջապատել են Ռուսաստանի հյուպատոսարանն ու ռուսական ռազմակայանը՝ պահանջելով ՀՀ իրավասության ներքո հանձնել ռուս զինվորական Պերմյակովին, ով կասկածվում է վեց հոգու սպանության և երեխայի դանակահարության մեջ:

Հունվարի 15-ին  BBC-ին «Բախումներ Հայաստանում ռուս զինվորականի հետ կապված» (Armenia clashes over Russian soldier) անդրադարձում տեղեկացնում է, որ շուրջ 12 հոգի վիրավորվել են Գյումրիում ոստիկանության և Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով հանդես եկող ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում, որոնք, ըստ BBC- ի, սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները շարժվել են դեպի Ռուսաստանի հյուպատոսություն: BBC-ն նաև նշում է, որ տեղի ունեցած սպանությունը լարել է ռուս-հայկական դաշնակից հարաբերությունները և որ ռուսական կողմը հրաժարվում է զինվորին հանձնել հայկական կողմին:

CBS News ամերիկյան հեռուստառադիոցանցը տեղեկացրել է, որ Հայաստանում ոստիկանությունը բախվել է շուրջ 2000 ցուցարարների հետ, ովքեր պահանջում էին սպանության մեջ կասկածվող ռուս զինվորին հանձնել Հայաստանի իշխանություններին: Իր «Ռուս զինծառայողը կասկածվում է հայ ընտանիքի սպանության մեջ» (Russian soldier suspected of killing Armenian family) անդրադարձում հեռուստացանցը նշում է, որ բախման հետևանքով չորս հոգի, որոնցից երեքը ոստիկանության աշխատակիցներ են, ստացել են լուրջ վնասվածքներ: Այն նաև տեղեկացնում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք ռուս զինվորը կհանձնվի հայկական կողմին, թե ոչ:

Reuters գործակալությունը փոխանցել է տեղեկություն բախումների ընթացքում 14 վիրավորների մասին «Հայերի բողոքը ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի վերաբերյալ» (Armenians protest over Russian soldier accused of killing family) անդրադարձում: Այն մեջբերում  է ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկությունը, ըստ որի՝ Պերմյակովը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը:

Այն նաև մեջբերում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցարարներին տված խոստումը՝ դիմելու ՌԴ գլխավոր դատախազին, Պերմյակովին ՀՀ արդարադատության համակարգին հանձնելու վերաբերյալ: Գործակալության փոխանցմամբ, բողոքի ցույցեր են տեղի ունեցել ինչպես Գյումրիում, այնպես էլ Երևանում: Նույն բովանդակությամբ նյութը հրապարակել է նաև Daily Mail պարբերականը:

«Բողոքի ցույցեր Հայաստանում կապված ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականի հետ» (Protests in Armenia over Russian soldier suspected in family killings) Euronews գործակալության անդրադարձը տեղեկացնում է, որ այս ողբերգությունը փորձություն է ռուս-հայկական հարաբերությունների համար, որը սահմանում է Կրեմլի ունեցած ազդեցության չափը: Ըստ հրապարակման՝ դեռևս անորոշ է, թե կողմերից որ մեկը պետք է իրականացնի իրավական վարույթը: Euronews-ի «Հայերը բողոքում են սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի հետ կապված» (Armenians protest over Russian soldier accused of killing family) մեկ այլ Գյումրիի դեպքերին առնչվող անդրադարձում նշվում է, որ բախման հետևանքով 5 ոստիկանին և 9 քաղաքացուն անհրաժեշտ է եղել բժշկական օգություն ցուցաբերել:

The Fresno Bee պարբերականը Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանն ու հետևած իրադարձություններին անդրադարձ է կատարել «Ոստիկանությունն ու ցուցարաները բախվել են Հայաստանում ռուս զինծառայողի հետ կապված» (Police and protesters clash in Armenia over Russian soldier) նյութում, որը հաղորդում է, որ 2000 ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանության շարքը և մոտենալ Ռուսաստանի հյուպատոսության շենքին, որի արդյունքում սկսվել է բախումը: Ըստ պարբերականի՝ ռուսական կողմը իր ցավակցություններն է հայտնել հայկական կողմին ողբերգության հետ կապված և առաջարկել իր օժանդակությունը քննության ընթացքում, սակայն դեռևս պարզ չէ արդյոք ռուս զինվորը կհանձնվի հայկական կողմին, թե ոչ: Նույն նյութը, որն ի սկզբանե տրամադրել է Associated Press գործակալությունը, հրապարակել են Epoch TimesJournal Star և Star-Telegram լրատվական միջոցները:

Բրիտանական The Guardian-ի փոխանցմամբ հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքը իրենց հարևանների կողմից բնութագրվել է որպես աշխատասեր և հանգիստ ընտանիք: Թերթը «Սպանությունները Մոսվային հավատարմության փորձություններ են Հայաստանում մասայական բողոքի ցույցերի ներքո»(Mass protests in Armenia as killings test loyalty to Moscow) հոդվածում գրում է, որ սպանության դրդապատճառները պարզ չեն, և լուրեր են շրջանառվում, որ ռուս զինծառայող Պերմյակովը ունի հոգեկան խնդիրներ: Միևնույն ժամանակ, ըստ The Guardian-ի, Գյումրիի հայությունը հանդուրժողական է 102-րդ ռուսական ռազմակայանի նկատմամբ, որը նաև աշխատատեղերով է ապահովում տեղի բնակչությանը, սակայն տեղի ունեցածը վեր հանեց հիշողությունները ռուսական ռազմակայանի հետ առնչվող նախկինում տեղի ունեցած ողբերգությունների վերաբերյալ:

Մասնավորապես, 1999-ին ռազմակայանի երկու սպաներ ալկոհոլի ազդեցության ներքո ինքնաձիգներով անկանոն կրակահերթեր էին արձակել տեղի շուկայում: Զոհվել էր երկու մարդ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել էին: Իսկ 2013-ին երկու դեռահասներ էին զոհվել ռուսական հրաձգարանում անփութորեն թողած պայթուցիկ զինամթերքի պայթյունի հետևանքով: Թերթը նաև տեղեկացնում է, որ ռուս և հայ պաշտոնական համապատասխան մարմինները համագործակցում են քննության ընթացքում, սակայն արտահայտում են հաճախ ոչ միանշանակ կարծիքներ զինվորի նկատմամբ ունեցած իրավասության վերաբերյալ:

Ֆրանսիական France 24- The Observer լրատվականը հրապարակել է «Ընտանիքի սպանությունից հետո Հայաստանում ցույցեր են սկսվել» (Protests flare in Armenia after family massacred) վերնագրով հոդվածը, ուր անդրադառնում է Գյումրիում ողբերգությանը հաջորդած բողոքի ցույցերին և մեջբերում է Գյումրիի քաղաքային խորհրդի անդամ և բողոքի ցույցերի առաջնորդներից մեկի Լևոն Բարսեղյանի խոսքերը, ըստ որի՝ Գյումրիում շատ մարդիկ ռուսամետ են և ունեն լավ հարաբերություններ ռազմակայանի անձնակազմի հետ: Սակայն, ըստ Բարսեղյանի, ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, մարդկանց զայրացրել էր Պերմյակովին ռուսական կողմին հանձնելու որոշումը: The Օbserver-ի փոխանցմամբ սկզբից բողոքի ցույցեր եղան Գյումրիում, ապա դրանք տեղափոխվեցին մայրաքաղաք Երևան: Խոսելով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին՝ լրատվամիջոցը հաղորդում է, որ հայերը ռազմակայանը դիտարկում են որպես զսպող գործոն Թուրքիայի հետ ունեցած իրենց բարդ հարաբերություններում:

Հունվարի 16-ին Ազատություն ռադիոկայանը (RFE/RL) հրապարակեց «Ոստիկանությունը բախվեց ցուցարարների հետ, ովքեր պահանջում են ռուս զինծառայողին դատապարտել Հայաստանում» (Police Clash With Protesters Demanding Russian Soldier Be Tried In Armenia) նյութը, ուր նշվում է, որ ռուսական կողմը խոստացել է ամենախիստ ձևով պատժել հանցագործին, սակայն հայկական կողմին նրան հանձնելու մասով չկա որևէ տեղաշարժ: Ազատություն ռադիոկայանը (RFE/RL) մեկ այլ հրապարակմամբ անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցին: «Պուտինը խոստանում է խստորեն պատժել հայկական ընտանիքի սպանողին» (Putin Vows Swift Justice Over Slaughter Of Armenian Family) վերնագրով անդրադարձը նշում է, որ չնայած Պուտինի խոստմանը ամենախիստ պատժի ենթարկել հանցագործին՝ հեռախոսազրույցը որևէ ազդանշան չի հաղորդում, որ ռուսական կողմը պատրաստ է հանձնել մարդասպանին հայկական կողմին:

Հունվարի 17-ին Գյումրու ողբերգական դեպքերին անդրադարձել է նաև բրիտանական The Times թերթը՝ հրապարակելով «Հայաստանը զայրացած է ռուսական սպանություններից հետո» (Armenia fury after Russian’s killing spree) վերնագրով հոդվածը:

Հունվարի 18-ին Foreign Policy News էլեկտրոնային լրատվական կայքը հրապարակեց «Հայաստանի Գյումրի քաղաքը բողոքի ցույցերի հորձանուտում» (Gyumri, Armenia engulfed in public protests) հոդվածը, ուր նշվում է, որ հունվարի 12-ից հետո, երբ ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը իրականացրեց Գյումրիի ընտանիքի 6 անդամների սպանդը, Գյումրին դարձավ բողոքի ցույցերի էպիկենտրոն: Ցուցարարների հիմնական պահանջն է հայկական դատաիրավական համակարգին հանձնել մարդասպանության մեջ կասկածվող ռուս զինվորին:

Կայքը հաղորդում է նաև, որ ինքնակամ զորամասը լքած զինծառայողը մտել է Ավետիսյանների տուն և գնդակահարել ընտանիքի 6 անդամներին՝ վիրավորելով նաև վեց ամսեկան երեխային: Վերջինիս որոնումներով զբաղվել են հայկական իրավապահ մարմինները ռուսական զորքերի հետ միասին, որոնց ներկայությունը Գյումրիի փողոցներում սկզբից զարմանք է առաջացրել բնակիչների շրջանում:

Հունվարի 19-ին ԶԼՄ-ները հաղորդեցին մեկ այլ ողբերգական լուր: Հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է սպանդի ընթացքում ծանր վիրավորված վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանը, ում կյանքի համար հայ և ռուս բժիշկները պայքարեցին շուրջ մեկ շաբաթ: Ողբերգական այդ լուրին անդրադարձավ նաև համաշխարհային մամուլը:

Reuters գործակալությունը իր «Հայ երեխան դարձավ յոթերորդ զոհը ռուս զինվորի իրականացրած սպանդի»(Armenian baby becomes seventh casualty of killing spree blamed on Russian soldier) նյութում հաղորդում է, որ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը մահացավ հիվանդանոցում ստացած վերքերի արդյունքում: Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ երկուշաբթի օրը Երևան է ժամանել ՌԴ Քննչական ծառայության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ով կհետևի գործի քննությանը: Գործակալության հաղորդմամբ, ռուսական օրենսդրությամբ Պերմյակովին, որի կատարած սպանության դրդապատճառները մնում են անհայտ, սպառնում է ցմահ ազատազրկում: Նույն նյութը հրապարակել են նաև Daily MailVoice of America լրատվամիջոցները:

Վեցամսյա Սերյոժայի մահվան ողբերգությանը անդրադարձավ նաև մեկ այլ լրատվական գործակալությունAssociated Press-ը «Երեխայի մահը զոհերի թիվը հասցրեց 7-ի» (Death toll in Armenia slaying rises to 7) վերնագրով անդրադարձում, ուր նշվում է, որ մարդասպանության մեջ կասկածվող ռուս զինվորականը կալանավորվել է և շարունակում է պահվել ռուսական կայազորի բանտում: Հազարավոր մարդիկ դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով հանձնել նրան հայկական արդարադատությանը: Նույն նյութը հրապարակել են նաևThe Washington PostThe New York TimesThe RepublicDaily JournalFox NewsThe News TribuneThe Fresno BeeABC NewsCTV News լրատվամիջոցներն ու պարբերականները:

Նույն օրվա Ազատություն ռադիոկայանի (RFE/RL) «Սպանդի ժամանակ վիրավորված վեցամսյա տղան մահացել է» (Six-Month-Old Boy Wounded In Armenia Massacre Dies) անդրադարձի համաձայն, Սերյոժա Ավետիսյանի մահը գրանցվել է հիվանդանոցում երեկոյան ժամը 5-ին, որի մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ հայտարարության՝ չնայած հայ և միջազգային մասնագետների ակտիվ ներգրավվածությանը՝  չհաջողվեց փրկել երեխայի կյանքը: RFE/RL հաղորդում է, որ երեխայի մահվան լուրը ստանալուց հետո ոստիկանական լրացուցիչ ուժեր են ուղարկվել Գյումրի: Ռադիոկայանը նաև փոխանցում է ՀՀ քննչական ծառայության տրամադրած տեղեկությունը, ըստ որի՝  շարունակվում է գործի հետաքննությունը, որի շրջանակում հարցաքննվել են բազմաթիվ անձինք ներառյալ Ավետիսյանների ընտանիքի բարեկամներն ու հարևանները, ինչպես նաև Պերմյակովի ծառայակից զինվորները:

Բացի այդ, անցկացվում է դատաքննչական և այլ տեսակի փորձաքնություններ վերջիններիս մասնակցությամբ:

Սերյոժայի ողբերգական մահվանը կարճ անդրադարձ է կատարել նաև BBC-ին՝ հրապարակելով «Մահացել է Հայաստանի սպանդը վերապրած երեխան» (Baby survivor of Armenia shooting dies from injuries) հոդվածը, ուր ընդգծվում է, որ երեխան մահացել է դանակից ստացած հարվածների արդյունքում: Հրապարակումը նաև տեղեկացնում է, որ ուժեղացել է անվտանգությունը երկրի երկրորդ քաղաք Գյումրիում:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ