Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հունվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Մայր Աթոռի Վանական խորհրդի եւ վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցության ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությանը, դրա հետեւանքով ժողովրդի մեջ առաջացած հուզումներին եւ արձանագրված ցավալի միջադեպերին: Այս օրերին մնայուն կապ է եղել Մայր Աթոռի եւ Շիրակի թեմի առաջնորդարանի միջեւ, եւ Մայր Աթոռը մշտապես իրազեկ է եղել եւ հետեւել դեպքերի զարգացմանը:
Կատարվածի առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում մասնավորաբար նշեց.
“Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցավի եւ վշտի մեջ է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամենքիս ակնկալությունն է, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ոճրագործության հետ առնչված բոլոր հանցավորները: Վստահ ենք, որ պետական պատկան մարմինների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման եւ մեղավորների դատապարտման ուղղությամբ կիրականացվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերը:
Մեր մտահոգությունն ենք հայտնում հունվարի 15-ին ժողովրդային հուզումների ընթացքում արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որի հետեւանքով կան նաեւ վիրավորներ: Մեր հորդորն է մեր զավակներին մնալ հանդարտության մեջ եւ չտրվել հրահրումներին ու սադրանքներին…”:
Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը բերեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ թեմի եկեղեցականներին այս օրերին բերած իրենց հովվական ծառայության համար:
Ժողովի ավարտին աղոթք մատուցվեց Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հոգիների հանգստության եւ վիրավոր Սերյոժա Ավետիսյանի շուտափույթ ապաքինման համար: