23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունն անհամաչափ ուժի և ընտրանքային մեթոդների կիրառմամբ խախտում է խաղաղ հավաքների ազատության իրավունքը

Ավելի քան երկու շաբաթ է, առավելապես Երևանում, բայց նաև հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են բացառապես խաղաղ ակցիաները: Ոստիկանությունը ջանք չի խնայում, անգամ ուժ կիրառելով՝ ցրել հավաքներն ու ակցիաները: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ քաջալերում են ոստիկանությանը, շնորհակալություն հայտնում՝ հայտարարելով, թե ամեն ինչ կատարվում է օրենքի շրջանակներում:

Ոստիկանության գործողությունների իրավաչափության և օրենքի պահանջների կիրառման թեմաների շուրջ 168.amը զրուցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հետ:

– «Հավաքների ազատության մասին» օրենքով ինչպե՞ս պետք է ոստիկանն ապահովի խաղաղ հավաքների բնականոն ընթացքը, և արդյո՞ք այս օրերին պահպանվում է օրենքի պահանջը:

– «Հավաքների ազատության մասին» օրենքը ոստիկանությանը պարտավորեցնում է աջակցել հավաքին այնքան ժամանակ, քանի դեռ այն խաղաղ է։ Այս թեզը հենց Փաշինյանի դրոշակն էր դեռ 2018 թ․-ին։ Ոստիկանության այս պարտականությունը կախված չէ այն հանգամանքից, թե հավաքը իրականացվում է օրենքով նախատեսված իրազեկման պահանջների պահպանմա՞մբ, թե՞ ոչ։ Անգամ, եթե իրազեկման պահանջը կատարված չէ, ոստիկանությունն ընդամենը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել հավաքի մասնակիցներին։ Հավաքը դադարեցնելու իրավունք օրենքը չի վերապահում ոստիկանությանը, եթե այն խաղաղ է։

Մյուս կարևագույն, ոսկյա կանոնն այն է, որ ապօրինի հավաքի համար պատասխանատվության տեսակն ու ծանրությունը որևէ պարագայում չի կարող կախվածության մեջ դրվել և ավելի խիստ ձևով կիրառվել հավաքի մասնակցի հայացքներից կամ այն հաղորդագրության բովանդակությունից, որը նա ցանկանում է հասցնել հասարակությանը։ Մինչդեռ, այս օրերին, մենք ականատեսն ենք լինում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների կամայական ձերբակալությունների, հավաքը ցրելու սպառնալիքների, անհամաչափ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման` պայմանավորված հավաքի մասնակիցների քաղաքական հայացքներով։

– Ո՞ր դեպքում Ոստիկանությունն իրավունք ունի դադարեցնել հավաքը:

– Սկզբունքային կանոնն այստեղ այն է, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջով հավաքը ցրելը պետք է լինի վերջին միջոց, միաժամանակ պետք է առկա լինի երկու նախապայման՝ այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակում, և երկրորդ՝ հավաքի դադարեցումը պետք է լինի ստեղծված իրավիճակում միակ միջոցը, որը թույլ կտա կանխել այլոց հիմնական իրավունքների և հանրային շահերի անհամաչափ սահմանափակումը։

Այսինքն, ժողովրդավարական երկրների համար կիրառելի չափորոշիչն այն է, որ հավաքը պետք է ցրվի միայն, երբ ոստիկանությունը բոլոր ողջամիտ միջոցները ձեռնարկել է պաշտպանելու հավաքի անցկացման բնականոն ընթացքը, այդ թվում՝ օրինակ, բռնության սպառնալիքով հանդես եկող առանձին իրավախախտներին հանդարտեցնելու միջոցով։

Մինչդեռ Ոստիկանությունը հատկապես վերջին օրերին խեղաթյուրում և կոպտորեն խախտում է օրենքով ամրագրված՝ հավաքը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումները:

 Որքանո՞վ են բխում օրենքից քաղաքացիներին բերման ենթարկելն ու ձերբակալելը:

– Ծավալվող իրադարձությունները զուգորդվում են ոստիկանության կողմից կատարվող կամայական ձերբակալություններով և ուժի անհամաչափ կիրառմամբ բերման ենթարկելու ցուցադրական գործողություններով։ Նախ, «Հավաքների ազատության մասին» օրենքը պարտավորեցնում է ոստիկանությանը հավաքի վայրից հեռացնել միայն այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն։ Այսինքն, հավաքի մասնակցին կարելի է հեռացնել, եթե նա կոպտորեն խախտել է հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը։ Բայց անգամ այդ դեպքում «Ոստիկանության մասին» օրենքի պահանջով՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել, բավարար ժամանակ տրամադրել օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ուժի գործադրման հապաղումը սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի և առողջության համար:

Մինչդեռ, իրականում ոստիկանությունը ընտրանքային մեթոդներով հավաքի վայրից հեռացնում է առավել ակտիվ կամ ազդեցիկ անձանց, որոնք պարզապես մասնակցում են խաղաղ հավաքին, ապա սահմանված 3 ժամը լրանալուն պես ազատ արձակում՝ առանց որևէ քրեական կամ վարչական իրավախախտման մեղսագրման։ Ընդ որում, բնական է, այս ամենը կատարվում է հավաքի մյուս մասնակիցների վրա «սառը ցնցուղի ազդեցություն» թողնելու նպատակով։ Ավելին` երբեմն բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք, ինչն արձանագրել է նաև մարդու իրավունքների պաշտպանը:

Մեր երկրում միջազգային բոլոր ստանդարտները գլխիվայր շրջված են կիրառվում, արդյունքում՝ կատարվում են ընտրանքային, խտրական ու անհիմն ձերբակալություններ, որոնք առավելապես կրում են ցուցադրական բնույթ, որն ակնհայտորեն երկու նպատակ է հետապնդում. Նախ՝ իրենց գործադրած ջանքերը վերադասին ցուցադրել որպես հավատարմության նշան, և երկրորդ` հավաքների հնարավոր այլ մասնակիցներին «դաս տալ»: Ոստիկանության ծառայողները խտրական մոտեցում են ցուցաբերում ընդդիմության հավաքներին մասնակցող քաղաքացիների գործողությունների նկատմամբ, մինչդեռ իշխանությանը սատարող քաղաքացիների՝ երբեմն բացահայտ օրինախախտումներին համարժեք չեն արձագանքում` ցուցաբերելով ակնհայտ անգործություն:

Օրինակ` Գյումրու դեպքի ժամանակ կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում, զավեշտալիորեն, հենց այդ տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել: Քաղաքական հայացքներից ելնելով խտրական մոտեցումը խաթարում է հավաքների ազատության հիմնարար սկզբունքները։

– Ո՞ր դեպքում ոստիկանն իրավունք ունի խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառել:

– Հավաքների ազատության իրավունքից բխող ոստիկանության գործողությունները՝ ուժի կիրառման առումով պետք է կառուցված լինեն իրավախախտին «նվազ վնաս պատճառելու» սկզբունքի վրա։ ՀՀ օրենքի համաձայն՝ ոստիկանության ծառայողի ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն գործադրելը միայն պետք է բացառիկ միջոց լինի, երբ դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար և այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Օրենքը խիստ պահանջներ ու պայմաններ է նախատեսում նաև ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցներ կիրառելու համար, երբ, օրինակ, անհրաժեշտ է խափանել քաղաքացիների հարձակումը ոստիկանության ծառայողի վրա, կամ իրավախախտման պահին անձը փախուստի փորձ է կատարում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ: Խաղաղ հավաքների ընթացքում այս պայմաններից ոչ մեկը չի եղել, անգամ մասնակից քաղաքացիները բարձրաձայնել են, որ պատրաստ են սեփական կամքով ենթարկվել ոստիկանի հրահանգներին, բայց բռնություն և ոչ իրավաչափ գործողություններ այդուամենայնիվ կիրառվել են, նույնիսկ ծերերի ու անչափահասների նկատմամբ: Այսօր Ազգային ժողովում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարեց, որ մինչ այժմ ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել: Մնում է ենթադրել, որ պարոն Ֆիդանյանին չեն զեկուցում հատուկ միջոցների կիրառման դեպքերը, իսկ ես այդ կիրառման դեպքերին անձամբ եմ ականատես եղել:

– Արդյո՞ք նման դեպքերում ոստիկանը չպետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, և անհրաժեշտության դեպքում՝ նաև պատասխանատվության:

– Այն ոստիկանները, որոնք քաղաքացիներին հարվածում են, ագրեսիվ պահվածք են ցուցաբերում և բիրտ ուժ են կիրառում, պետք է ձերբակալվեն և ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Մինչդեռ, այո, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողների գործողությունները չեն ստանում նույնպիսի իրավական որակում, ինչպիսին դրանք կստանային սովորական քաղաքացիների կողմից կատարվելու պարագայում՝ առաջ բերելով քրեական կամ վարչական պատասխանատվություն։ Քրեական գործ հարուցելու փոխարեն, ընդամենը հայտարարվում է, որ հարուցվել է ծառայողական քննություն, որի արդյունքի մասին շատ հաճախ կամ տեղեկություն չի տրվում, կամ պարզապես անհետևանք ավարտվում է։ Անգամ այն եզակի դեպքերում, երբ հարուցվում է քրեական գործ, այն, որպես կանոն, ծածկադմփոց է արվում: Սա, ըստ էության, պարզ «աչքակապություն» է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ