Մահացել է Յուրի Էլոյանը
Այսօր առավոտյան լուսադեմին` ծանր հիվանդությունից հետո` 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրի էլոյան: Յուրի Էլոյանը բազում բեմականացումների հեղինակ էր: Առանձնակի արժեք ունեն նրա հեռուստաթատրոնի մի շարք բեմադրությունները: Դրանցից են` Ե. Շվարց, “Երկու թխկի” (կենդանի եթեր), Ա. Պետրոսյան, “Աբգար դպիր Թոխաթեցին”, Վ. Սարոյան, “Մարդկային կատակերգություն”, Ա. Չեխով, “Հիվանդասենյակ N16” (վերջին երկուսի բեմականացումը կատարել է ինքը), Կ. Չապեկ, “Ինչպես է բեմադրվում պիեսը”, է. դե Ֆիլիպո, “Տրոմբոնահարը”, Կ. Խոդիկյան, “Դարպասներ”:
Ռեժիսորը տասնհինգից ավելի ներկայացումներ է իրականացրել ռադիոթատրոնում։ էլոյանը հեռուստատեսային թատրոն բերեց ինքնատիպ, թարմ, մետաֆորիկ ռեժիսորական մտածողություն եւ հնարքներ` իր մնայուն հետքը թողնելով արվեստի եւ տեխնիկայի այդ բնագավառում։
էլոյանի ուսանողների մասնակցությամբ բեմադրություններից ժամանակին մեծ աղմուկ են հանել Սերվանտեսի եւ ժակ Պրեւերի նույնանուն “Հրաշքների թատրոն” գործերը։ Նա առաջին անգամ Երեւանում` “Ռոսիա” կինոթատրոնում, հիմնադրել է “Սրճարան-թատրոն”:
էլոյանը հավատում էր, որ ժամանակակից թատրոնն այսօր կարիք ունի դերասանական անհատականությունների, նա գտնում էր, որ թատրոնը պետք է հենվի դերասանական արվեստի վրա։Նա լի էր հավատով եւ երազանքներ էր փայփայում` հայ թատրոնի համար լավագույն ապագա ակնկալելով: