Ինչու է Երևանի տրանսպորտն այս օրին
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նատալիա Լափաուրիի խոսքով՝ բոլոր մայրաքաղաքներում տրանսպորտի հարցը լուրջ է ու Երևանի քաղաքապետարանի օրակարգում ևս դրված է այդ խնդիրը: ՛՛Ավագանու ՀՀԿ խմբակցությունը, քաղաքապետարանն ու քաղաքապետը ուշադրության կենտրոնում են պահում այդ հարցը: Այնպես չէ, որ որևէ բան չի արվում, ուղղակի բավական լուրջ խնդիրներ են առաջացել տարբեր տարիներին ու կուտակվել են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ավագանու անդամն ինքն էլ օգտվում է քաղաքային տրանսպորտից ու հասկանում է՝ այն հեռու է բավարար լինելուց, սակայն չի կարծում, էր այս պահին ու քաղաքապետարանի ունեցած նվազ բյուջեի պայմաններում քաղաքային տրանսպորտը կարող է անցնել համայնքային ենթակայությանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի կարծիքով՝ տրանսպորտն այս վիճակում է, քանի որ միկրոավտոբուսները բավական մաշված են, ու նոր ժամանակներին վայել հանրային տրասնպորտ պետք է բերվի Երևան: ՛՛Թեկուզև հիմա միկրոավտոբուսները փոխարինվում են մեծ ավտոբուսներով: Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ կա մեծ ստվերային ֆինանսական հոսք այս ոլորտում, եթե ստվերից դուրս գա այն ամբողջ գումարը, որը շրջանառվում է, խնդիրը կլուծվի՛՛,-նկատեց նա:
Ըստ Պողոսյանի՝ ոչ ոք չի հաշվարկում, թե որքան գումար տրվեց վարորդին, ուր գնաց այդ գումարը, ոչ մի ֆինանսական հաշվառում գոյություն չունի և պարզ էլ չէ, թե 100 դրամը շատ է, թե քիչ: ՛՛Մեր քաղաքը՛՛ նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը շեշտեց, որ տրանսպորտի վիճակը կարգավորելու համար պետք է ուշադրություն դարձնել մետրոյի կայանների թվի ու տրոլեբուսի քչությանը: