Ներքաղաքական համատեքստում կատարվածն օգտագործելն ուղղակի անարգանք է զոհերի արյան նկատմամբ. Արմեն Աշոտյան
Հայաստանում չեք գտնի քաղաքացի, ով ցնցված չէ այդ դեպքով, վրդովված չէ, չեք գտնի քաղաքացի, ով չի ուզում, որ այդ ստահակը դատապարտվի Հայաստանում: Բայց խնդիրը պետք է նայել իրավական համատեքստում: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում ռուս զինվորականի կողմից ընտանիքի սպանության դեպքին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝
Նախարարը չհամաձայնվեց լրագրողների այն տեսակետին, որ արդյոք Հայաստանում չի նվազել անվտանգությունը՝ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ:
“ԵՏՄ-ն չունի անվտանգության բաղադրիչ, եթե նկատի ունեք ՀԱՊԿ, ասեք ՀԱՊԿ: Կամ հանցագործին դատապարտելու մասով մեջբերում եք միջպետական պայմանագրի կետ, բացառությունները չեք նշում”,-ասաց նախարարը:
Նախարարը նաեւ նկատեց, որ Գյումրիի հասարակական կարծիքի ձեւավորման մեջ մեծ դեր ունեն որոշակի ֆոնդեր, բայց հարկ եղած պահին դա չպետք է ուղղորդվի այլ տեղ. “Ես դեմ չեմ քաղաքացիական հասարակությանը, բայց քաղաքացիական հասարակությունը պետք է լինի մերը: Վերջին հաշվով ներքաղաքական համատեքստում կատարվածն օգտագործելն ուղղակի անարգանք է զոհերի արյան նկատմամբ”,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ դատավարությունը կլինի Հայաստանում:
Ինչ վերաբերում է սուգ հայտարարելուն, ապա Արմեն Աշոտյանն ասաց, որ նախ Հայաստանում չկա սգո օրերի մշակույթ եւ դեպքը համեմատեց ամիսներ առաջ Գյումրիի միկրոավտոբուսի վթարի հետ, որի ժամանակ ավելի շատ մարդ մահացավ, բայց սգո օր չհայտարարվեց: