“Ա՛յ ոչխար, զանգում եմ, խի՞ չես վեկալում…”. Ժամանակ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Գոռ Ասատրյանի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:
30-ամյա Գոռ Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Դատարանը հաստատված է գնահատել հետեւյալը:
Ամբաստանյալ Գոռը եւ տուժող Անդրանիկը՝ երկուսն էլ՝ Ասատրյան, բարեկամներ չեն, համագյուղացիներ են ու եղել են մտերիմ հարաբերությունների մեջ:
Տուժող Անդրանիկը զբաղվել է շինանյութերի առուվաճառքով:
Գոռը 2013 թվականի ամռանը Նոր Գեղի գյուղի իր տանը շինարարական աշխատանքներ է կատարել ու Անդրանիկից ցեմենտ է գնել: Ցեմենտի գումարի մասը տվել է, իսկ 36 հազար դրամը սեպտեմբեր ամսից պարտք է մնացել ու խոստացել է, որ պարտքը կվճարի, երբ հայրը վերադառնա Ռուսաստանից:
Գոռի հայրը արտագնա աշխատանքից վերադարձել է 2013 թվականի դեկտեմբերի սկզբին, բայց այնքան գումար չի բերել, որ Գոռը կարողանար փակել Անդրանիկին ունեցած 36 հազար դրամ պարտքը:
Անդրանիկը, իմանալով, որ Գոռի հայրը վերադարձել է, մի շաբաթ սպասել է, բայց իր գումարը չստանալով, սկսել է զանգել Գոռին: Ամանորյա գնումներ կատարելու համար նրան անհարժեշտ էր հենց Գոռի տալիք գումարը…
Սակայն Գոռը Անդրանիկի զանգերին չի պատասխանել, բացատրություն չի տվել եւ առաջացրել է Անդրանիկի զայրույթը:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 14-ի սահմաններում Անդրանիկը գնացել է Գոռի տան մոտ: Նա մոտեցել է Գոռի տան դարպասին, տեսել է տան պատուհանի մոտ կանգնած Գոռին ու նորից զանգել է նրան:
Գոռը պատուհանից տեսել է դարպասի մոտ կանգնած Անդրանիկին, հասկացել է, որ թաքնվել չի կարող, ու պատասխանել է հեռախոսազանգին:
Համագյուղացիները փոխադարձաբար վիրավորել են իրար: Անդրանիկը Գոռին դուրս է կանչել:
Մինչեւ Անդրանիկի հետ հեռախոսով խոսելը Գոռը երեխաների համար խոհանոցային դանակով միրգ կտրտելիս է եղել:
Երբ Անդրանիկը դուրս է կանչել, Գոռը դուրս է եկել՝ մի ձեռքին խնձոր, մյուսին՝ դանակը:
Այդպես ընդառաջ է գնացել Անդրանիկին:
Վերջինս, տեսնելով Գոռի ձեռքի դանակը, ավելի է զայրացել, հայհոյել է:
Ըստ Գոռի ցուցմունքի՝ նա ասել է. “Ա՛յ ոչխար, զանգում եմ, խի՞ չես վեկալում, դեմս էլ դանակով ես հելնում…”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: