Այդ ընթացքում հայհոյում են ՛՛Դաշնակցությանը՛՛, հետո օգտվում բոլորը /վիդեո/
՛՛ ՛՛Դաշնակցությունն՛՛ անում է, ստեղծում է պայմաններ, հետո բոլորն այդ պայմաններից օգտվում են, այդ ընթացքում հայհոյում ՛՛Դաշնակցությանը՛՛ ՛՛,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՅԴ-ը ցանկանում բանակցել ոչ իշխանական ուժերի հետ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, եթե հայտնի է, որ եռյակի ուժերը դեմ են դրանց: Ռուստամյանը նշեց, որ նախկինում էլ շատ քաղաքական ուժեր դեմ էին իրենց տարբեր առաջարկներին, ինչպես օրինակ Ազգային ժողովի հանձնաժողովներում ընդդիմության տեղերի, հանձնաժողովի նախագահի տեղի հետ կապված, սակայն հիմա երբ այդ տեղերը շատացել են, բոլորը գոհ են:
՛՛Լավ ա չէ՞, երբ որ ճիշտ բան են կատարում, ու դրանից բոլորն օգտվում են, հիմա առաջարկում ենք՝ միասնական անենք ու խանդի տեսարաններ չանենք ու տանենք առաջ՛՛,-նշեց նա:
Ռուստամյանը հավելեց, որ իրենց ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ խոսելու են քաղաքական ուժերի հետ, նաև մտավորականների հետ, ովքեր կաշկանդված չեն այս կամ այն քաղաքական ամբիցիայով:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հավելեց.
՛՛Մենք մեզ քաղաքական պատասխանատու ուժ ենք համարում ու եթե մի բան գտնում ենք, որ ճիշտ է, անելու ենք, վստահ ենք, որ այս ճանապարհը իսկապես երկիրը զարգացման տանող ճանապարհ է: Անպատասխանատու դիրքորոշում կլիներ, եթե մենք ասեինք, որ եթե մյուսները դեմ են, ուրեմն մենք էլ չխառնվենք՛՛,-շեշտեց նա:
Դիտարկմանը, թե չեն կարծում, որ այս փոփոխություններից հետո իշխող կուսակցությունը հաջորդ ընտրություններին թեկուզ այլ կառավարման համակարգի տեսքով կվերարտադրվի, Ռուստամյանն արձագանքեց. ՛՛Ոչ, եթե այդ մեխանիզմներն ամրագրվեն, մենք կունենանք այլ որակի իշխանություն. այստեղ վարչապետի լիազորություններն են սահմանափակվել, ու նա չի ունենալու այն լիազորությունները, որոնք նախագահն ունի, խորհրդարանական համակարգը տալիս է որոշումների կայացման կոլեգիալություն, ինչն այսօր Հայաստանում բացակայում է՛՛:
Ըստ Աղվան Վարդանյանի՝ կառավարման խորհրդարանական համակարգով կարելի կլինի զսպել նրանց ախորժակն, ովքեր ուզում են վատնել պետության միջոցներն իրենց նպատակների համար:
՛՛Առնետվազքով ու անձի փոփոխությամբ իշխանության ձևավորոմը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու՛՛,-եզրափակեց Վարդանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: