Մարկ Սաղաթելյանի այրին դիմել է ոստիկանություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է: «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձանից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը։ Այս ամենի արդյունքում ինձ պատճառել են 167 000 հազար ԱՄՆ դոլար գույքային վնաս»: Ըստ մեր զրուցակցի՝ նա անգամ դիմել է ոստիկանություն, եւ փաստի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
Նունե Միքայելյանը նշեց, որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն, եւ քրեական գործը ծածկադմփոց չանեն»: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Կարեն Մանուկյանի կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ, որը վստահեցրեց, թե Նունե Միքայելյանը ստում է։
Ավելին՝ Լոլիտա Մանուկյանի պաշտպան Մասիս Մելքոնյանն էլ պնդեց, որ բացառված չէ, որ մեղադրանք կառաջադրվի հենց Նունե Միքայելյանին՝ վաշխառությամբ զբաղվելու համար: «Հորդորում եմ անձանց անհիմն չզրպարտեն, քանի որ այդ գործով կողմնակի միջամտություն չի եղել ու չի էլ կարող լինել, օբյեկտիվ քննություն է իրականացվում», – վստահեցնում է նա: