30 տարվա պայքարի զրոյացում` Բրյուսելում․ «Ժողովուրդ»
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի, Արցախում բնակվող հայերի մասին հիշատակումներ չկան: Ըստ ծնունդով արցախցի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ այդ հանգամանքը 30 տարիների պայքարի զրոյացում է նշանակում:
«Մարդիկ 1988-ից շարժում են սկսել, հողը պաշտպանելու համար 1991-ին զենք վերցրել, անկախություն են հռչակել: 30 տարիներին արցախահայությունն ապահովել է Հայաստանի անվտանգության իր բաժինը, իսկ հիմա Արցախի մասին խոսք անգամ չկա»:
Պողոսյանը չի բացառում, որ կողմերի միջեւ կարող է անգամ բանավոր համաձայնություն եղած լինի, որ Արցախ, կարգավիճակ, եզրույթները չեն հիշատակում: «Իսկ եթե դա այդպես է,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Պողսյանը,- ապա նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը»:
Հայտարարության մեջ ԵԱՀԿ Միսկի խմբի մասին նույնպես որեւէ նշում չկա, դա էլ, ըստ մեր զրուցակցի, նշանակում է հրաժարվել խոսել Արցախի կարգավիճակից: Այս ամենը, վստահ է նախկին պատգամավորը, Ադրբեջանի ճնշումներն են, ու բոլորիս պետք է դաս լինի, որ խելքի գանք: «Կա՛մ այնպես անենք, որ գլխավոր բանակցողը գիտակցի ու հեռանա, կա՛մ եթե անգամ օտար երկրները Արցախի մասին բանաձեւ ընդունեն, ապա հասկանան՝ դա ո՛չ կյանքի կոչվելու, ո՛չ էլ աշխատելու է»,- եզրափակում է Թեւան Պողոսյանը»: