25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շարժման նոր փուլը գրանցեց իր առաջին հաղթանակը՝ Արցախի դրոշը տնկեց Ֆրանսիայի հրապարակում. Մամիջանյան

Երեկ ընդդիմությունը տևական դադարից հետո մեծ հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում։ Հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների երեքական պատգամավոր, որից հետո նրանք շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որոշ ժամանակով փակեցին Ֆրանսիայի հրապարակը չորս կողմից, հրապարակի կենտրոնում՝ հենց Ռոդենի արձանի կողքին տնկեցին Արցախի դրոշը, այնուհետև Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այս խորհրդանշական հրապարակից իրենք շարունակելու են պայքարը մինչև հաղթական ավարտ, ապա ժողովրդին ուղարկեց տուն՝ հայտնելով, որ այստեղից իրենք բաժանվում են և անցնում աշխատանքի։ «Այսքանով այսօր ավարտում ենք, պայքարը շարունակվում է, սիրելի հայրենակիցներ»,-ասաց Սաղաթելյանը, և մարդիկ հեռացան պայքարի վայրից։ Հավաքի մասնակիցներից շատերը տարակուսած էին ու վրդովված, թե ինչու նորից իրենց հավաքեցին Ազատության հրապարակում ու տուն ուղարկեցին՝ կոնկրետ գործողության գնալու փոխարեն։
Hraparak.am-ը երեկ հարթակից ելույթ ունեցած գործիչներից ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչպես է գնահատում երեկվա հավաքը, ինչ ազդակներ ստացան իրենք հանրահավաքից, և որոնք են լինելու իրենց հետագա քայլերը։

«Հետագա քայլերի մասին ավելի ուշ մենք տեղեկացնելու ենք, առկա է գործողությունների հստակ ծրագիր։ Իսկ ինչ վերաբերում է երեկվա հավաքի տպավորություններին, ես ընդամենը մի քանի արձանագրում կանեմ․ առաջինը՝ հանրահավաքի էներգետիկան իրապես արտացոլում էր այն, ինչ կոչով մենք այն հրավիրել էինք։ Այսինքն՝ սա կուսակցական հավաք չէր, հավաքը միտված էր մի տեղում հավաքել բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են մի նախադասության՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ կարծում եմ, որ թե՛ հարթակը, թե՛ հավաքի մասնակիցներն այդ էներգետիկան ունեին։ Երկրորդը. ես, անկախ նրանից, որ կան մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում, համարում եմ, որ շարժման նոր փուլը գրանցեց իր առաջին հաղթանակը՝ Ֆրանսիայի հրապարակը պարալիզացրեց և Արցախի դրոշը տնկեց Ֆրանսիայի հրապարակում։ Ես խիստ հասկանում եմ մեր հայրենակիցների, մեր համակիրների պահանջը՝ ավելի կտրուկ գործողությունների և ավելի վճռական քայլերի գնալու, վստահեցնում եմ, որ իր պահին բոլորն էր իրականացվելու են»,-ասաց Մամիջանյանը՝ նկատելով, որ կարևոր է, որ հետագա ակցիաների և հավաքների մասնակիցների թիվն անշեղորեն աճի, որի պարագայում կկարողանան իրենց առջև դրված խնդիրները լուծել։

-Դուք մի կողմից ասում եք, թե հասկանում եք, որ մեր հայրենակիցները հստակ գործողությունների գնալու պահանջ ունեն, երեկ էլ հարթակից ասում էիք, որ, այո՝ գուցե մենք էլ ենք սխալվել, գուցե ժողովուրդն ընդդիմությունից հիասթափվել է, բայց, միևնույն ժամանակ, դուք էլի չեք անում այն, ինչը գիտակցում եք, որ պետք է անել։ Երեկ մենք նկատեցինք, որ մարդիկ էլի հիասթափված գնում էին տուն։

-Շատ կարևոր է, որպեսզի մեր համակիրները, մեր հայրենակիցները հետևյալ ճշմարտությունն ընկալեն, որ որոշ հակահայկական գործիչների՝ իշխանությունը վերցնելու, գրավելու, զավթելու և երկիրը պարտության, պառակտության ու ձախողման տանելու համար անհրաժեշտ եղավ տասնամյակ, այն պարագայում, որ իրենց նպատակներն արդար չէին։ Ես շատ եմ խնդրում թե՛ լուսաբանող լրագրողներին, թե՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և թե՛, առաջին հերթին, մեր հայրենակիցներին` գիտակցել, որ մեկ օրում իրականացնել այն, ինչ մենք ենք ուզում, շատ կուզենայինք, բայց, ցավոք, հնարավոր չէ։ Խնդրում եմ ընդամենը վստահել առ այն, որ ձնագնդի էֆեկտով շարունակական, անխոնջ, առանց հոգնելու պայքարի պարագայում մեր նպատակները հնարավոր կլինի իրագործել։ Պետք չէ համեմատել տարիներ շարունակ օվերտոնի պատուհանի ֆենոմենով, իբր քաղհասարակության աջակցությամբ և այլնով իրականացված գործողությունները մեկ, երկու, երեքօրանոց գործողությունների հետ։

-Բայց դուք կոչ եք անում մարդկանց` հանուն Արցախի և հայրենիքի հավաքվել Ազատության հրապարակում, հնչեցնում եք այն ելույթները, որոնք մարդիկ ամեն օր լսում են ԱԺ ամբիոնից, հետո այդ մարդկանց ուղարկում եք տուն։ Մինչդեռ մարդիկ ասում են՝ փակեք փողոցները, գնացեք շենքեր գրավեք, ինչ-որ գործողություններ արեք, իրենք էլ կմնան գիշերն այդտեղ, հետո թող ձնագնդի էֆեկտով մարդիկ ավելանան։ Բայց դուք այդ մարդկանց տուն եք ուղարկում։

-Նորից ստիպված եմ նույնը բանն ասել, պարոն Մակարյան։ Կարծում եմ՝ հայրենիքի փրկության շարժման ընթացքում առնվազն մեր թիմն ապացուցել է, որ չի խորշում ոչ շենքեր խաղաղ անհնազանդությամբ գրավելուց, ոչ փողոց փակելուց, ոչ փողոցում գիշերելուց, ոչ էլ որևէ բանից։ Կարծում եմ՝ մեր թիմին նմանօրինակ մեղադրանք առաջադրել հնարավոր չի։ Ձեր նշած բոլոր գործողությունները, մի բան էլ՝ ավել, առաջիկայում տեղի են ունենալու։

Վահե Մակարյան

hraparak.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ