25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարող եմ ենթադրել, որ պատրաստվում են ինչ-որ բանի, որն ուզում են թաքուն պահել․ Հայկ Մամիջանյան

Հարցազրույց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ

— Կառավարությունը մերժեց վարչապետին և արտգործնախարարին անվտանգության, պաշտպանության ու արտաքին քաղաքական հարցերում 6 կամ 3 ամիսը մեկ ԱԺ-ին զեկույց ներկայացնելու վերաբերյալ Ձեր նախագիծը։ Այն կներկայացնե՞ք ԱԺ քննարկմանը։

 

— Անկախ կառավարության բացասական եզրակացությունից՝ նախագիծը պիտի գա ԱԺ գլխադասային հանձնաժողով։ Ենթադրում եմ՝ այն կստանա բացասական եզրակացություն, բայց ԱԺ կանոնակարգ օրենքը նախագծի հեղինակին տալիս է դրա քննարկումը լիագումար նիստում ապահովելու հնարավորությունը։ Կկիրառվի՞ այդ գործիքակազմը, կխոսենք հանձնաժողովի նիստից հետո։ Իսկ կառավարության հակափաստարկները չեն դիմանում որևէ քննադատության։ Նշում են, որ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կառավարությունն այդ հարցերը զեկուցում է։ Դա աբսուրդ է, դա տեղի է ունենում տարին մեկ անգամ և անհամեմատելի է նախագծով ներկայացված հնարավորությունների հետ։ Այդ քննարկման ժամանակ և տարին մեկ անգամ հնարավոր չէ տեղեկանալ բանակցային գործընթացի մանրամասներից։ Հաջորդ կետով իրենք իրենց հերքում են, թե բանակցությունները դինամիկ գործընթաց են։ Բայց քաջ ծանոթ լինելով բանակցային գործընթացների տեխնիկական կողմին՝ ոչ ոք չի ասում, թե բառացի ներկայացրեք ինչ խոսվել է։

 
Նախագծով առաջարկվում էր զեկուցել նախորդ 3 կամ 6 ամիսներին տեղի ունեցած բանակցային գործողություններն ու ներկայացնել հիմնական գծերը կամ այն կարմիր գծերը, որոնցից հայկական կողմը չի կարող հրաժարվել։ Այդպիսով կառավարությունը մերժեց խորհրդարանական երկիր ՀՀ-ում կառավարության առաջնային մանդատով օժտված ԱԺ-ին հաշվետու լինելու պայմանը։ Եթե նույնն անի նաև ԱԺ-ում ՔՊ-ական մեծամասնությունը, ապա կարող եմ ենթադրել, որ պատրաստվում են ինչ-որ բանի, որն ուզում են թաքուն պահել։ Ես նաև ենթադրում եմ, որ ՔՊ-ականներն այդքան էլ չեն ուզում տեղեկացված լինել, թե հակապետական ինչ գործընթացներ են տեղի ունենում, որպեսզի ինչպես անցած անգամ՝ նոյեմբերի 9-ից հետո, այս անգամ էլ ասեն, թե իրենք տեղյակ չեն որևէ բանից։ Անընդունելի է, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում ԱԺ-ն օտարված լինի երկրի համար կարևորագույն գործընթացից։
 

— Թե՛ բանակցություններից, թե՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող այլ հարցերից տեղեկություններ ստանում եք նաև կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ վարչապետն ու արտգործնախարարը երբեմն բավականին բաց հայտարարություններ են անում։

 — Տրամաբանությունը և տարբերությունն այն է, որ այդ և այլ ֆորմատները հնարավորություն չեն տալիս տեղեկություններ ստանալբանակցությունների պես խորը գործընթացի վերաբերյալ։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, ապա այն դեպքերում, երբ հարցն առնչվում է բանակցային գործընթացներին, հաճախ հնչում է պատասխանը, թե հնարավոր չէ բաց ռեժիմով անդրադառնալ այս կամ այն կետերին։ Հիմա որտեղ է մերժման տրամաբանությունը։ Եվ որտե՞ղ է ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված ամենատարբեր զեկույցների ու հաղորդումների հնարավորությունը։ Աբսուրդային բան եմ ասում, բայց այդ տրամաբանությամբ բյուջեի կատարողականի զեկուցումը հանգիստ կարելի տանել ԱԺ հարցուպատասխանի ձևաչափ։

— Բայց իշխանությունը ձեզ հրավիրելէ բանակցային մանրամասների վերաբերյալ փակ հանդիպման, դուք մերժել եք։ Միգուցե ա՞յդ տարբերակը քննարկեք։

— Նորից պիտի կրկնեմ՝ ՀՀ-ում միակ առաջնային մանդատով օժտված մարմինը ԱԺ-ն է, այսինքն,ԱԺ-ն ունի ժողովրդի անունից խոսելու իրավունք։ Ես չեմ պատրաստվում կախված լինել այս կամ այն կապիտուլիանտի հայեցողությունից կամ տրամադրությունից, որ նա հանդիպի կամ չհանդիպի ժողովրդի ներկայացուցիչների հետ։

— Բայց դուք չեք էլ փորձել հանդիպել, որ նրանք, ըստ իրենց տրամադրության, մերժեն կամ հետաձգեն քննարկումը։

— Կառավարությունը պարտավոր է հաշվետվողականության տրամաբանության մեջ ԱԺ կանչվել։ Թե՛ ֆորմատային, թե՛ պարտավորվածության տեսանկյունից օրինագիծը հաշվետվողականության համարշատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում, քան ինչ-որ մեկի հայեցողությունից կախված լինելը։

— Բայց Ձեզ համար կանխատեսելի է, չէ՞, որ եթե կառավարությունը մերժել է այդ նախագիծը, ՔՊ-ն էլ կմերժի։

— Նախագիծը գրելու փուլում ես վստահ էի, որ այն քաղաքական ուժ կոչեցյալը, որը քանդում է անգամ կայացած ինստիտուցիոնալ կառույցները, ինչպիսք են բանակը, ԱԳՆ-ն, կյանքում չի համաձայնի ապահովել հաշվետվողականության հավելյալ ինստիտուտի գոյությունը։ Ընդ որում, այս օրինագիծը մեր երկրի այժմեական շահերից է բխում և դասական վերահսկողական գործիքակազմ է, որը, անկախ օրվա իշխանություն-ընդդիմություն հարաբերություններից, ցանկացած երկրինանհրաժեշտ է։

— Իմանալով, որ ԱԺ ներկայացնելու դեպքում նախագիծը կմերժվի, չե՞ք կարծում, որ Ձեզ կմեղադրեն հերթական պոպուլիստական նախաձեռնության մեջ։

— Ես չեմ տեսնում որևէ պոպուլիստական տրամաբանություն ԱԺ-կառավարություն վերահսկողական մեխանիզմների ավելացման մեջ։ Ես նաև գիտեմ, թե ինչ խմբակի հետ գործ ունեմ, բայց դա չի նշանակում, որ ես պետք է ձեռքերս ծալեմ և չօգտագործեմ պայքարի միջոցները։

— Իշխանությունը հայտարարում է, որ Ասկերանի Փառուխ գյուղի և Քարագլխի ուղղությամբ ադրբեջանական զինուժը առաջխաղացում է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Չե՞ք կարծում, որ արդարացված են կարծիքները, թե թշնամին ռուսների գիտությամբ է առաջ եկել։

— ԱԳՆ-ի հայտարարության վերջում նշվում էր, որ խաղաղապահ առաքելությունը դիտարկելու համար անհրաժեշտ է ստեղծել քննիչ մեխանիզմներ։ Ես ընդամենը պիտի արձանագրեմ, որ այս խունտայի և մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի միջև հարաբերություններն այն մակարդակում, որ նմանօրինակ մեսիջները փոխանցվում են պաշտոնական հայտարարութունների միջոցով և ոչ թեդաշնակից պետությունների միջև առկա շատ ու շատ այլ ֆորմատներով։ Ինձ համար դա ընկալելի չէ։

— Մինչ այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը երկու անգամ հեռախոսով խոսել են, հավանաբար, այդ հարցն էլ քննարկած կլինեն։

— Ես ուզում եմ հասկանալ․ եթե երկու անգամ քննարկել են, և այդ հարցը փոխանցվել է, ինչո՞ւ է ԱԳՆ-ն նման հայտարարություն անում։

— ՌԴ-ն Ադրբեջանին 3 շաբաթ համոզում էր, որ վերականգնի Արցախի գազամատակարարումը, բայց դա տեղի ունեցավ գազատարի վրա փական դնելու տարբերակով։ 1 շաբաթից ավելի է՝ համոզում է, որ վերադառնան իրենց սկզբնական դիրքերը, բայց նրանք չեն գնում։ Չե՞ք կարծում, որ ՌԴ-ի համոզելու ջանքերն անկեղծ չեն, և այդ երկիրն ունի Ադրբեջանի վրա ազդելու լծակներ։

— Հաշվի առնելով, որ գազամատակարարման խափանման և Փարուխի ուՔարագլխի դեպքերի շուրջ տեղեկություններն իրարամերժ են, ես չունեմ հիմքեր՝ կասկածելու ՀՀ դաշնակիցների գործողություններին։ Իմ տեղեկացվածությունը բավարար չէ։

-Արցախում իրենց դիրքերից առաջ գալու այս ու մյուս, նաև Հայաստանի սահմանները խախտելու դեպքերը չե՞ն վկայում, որ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն ու նրա դոմինանտությամբ գործող ՀԱՊԿ-ը թերանում են մեր նկատմամբ իրենց պարտավորություններում։

— Քանի որ ինքներդ հիշեցրեցիք այդ իրադարձությունները, ես կշարունակեմ Ձեր բերած համեմատականը։ Նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ ՔՊ-ի խորհրդարանական կորպուսը հայտարարությունների ընթացքում մեկ ժամանոց հակառուսական հիստերիա էր բարձրացրել՝ մեղադրելով ՀԱՊԿ-ին ու մեր ռազմավարական դաշնակցին անգործության մեջ։ Այնինչ մինչ այժմ մենք չունենք փաստական ապացույց, որ նոյեմբերի 16-ի իրադարձություններ համար հայկական կողմը երկկողմ պայմանավորվածության շրջանակում օգնության համարդիմել է ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին։ Այժմ ծավալված հիստերիան ես նմանեցնում եմ այն ժամանակ ծավալված հիստերիային։

parliamentmonitoring.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ