23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իսկ երկիրը պարզապես ձեռքից գնում է. «Փաստ»

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի սադրանքները ոչ միայն չեն նվազելու, այլև շատ հնարավոր է, որ ավելի ինտենսիվ բնույթ ստանան։ Սակայն զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են քանդել այն, ինչ մնացել է անվտանգության համակարգից, իսկ հետո զարմանում են, որ Ադրբեջանը ագրեսիվ ու լկտի պահվածք է դրսևորում։ Օրինակ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի արդեն ձեռնամուխ լիներ զինված ուժերը բարեփոխելու ու ավելի հզոր անվտանգային համակարգ ստեղծելու ուղղությամբ գործուն քայլերին, բայց դրա փոխարեն շարքից հանում են պատերազմից հետո մնացած անվտանգային վերջին ատամնանիվները։ Երեքուկես տարի շարունակ այս իշխանությունները հնարավոր ու անհնար մեթոդներով հարվածել են բանակին, զինվորականներին, ու հիմա էլ շարունակում են այդ գործընթացը:

Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ հակառակորդի զորքերը ՀՀ տարածքի ներսում են, սահմաններին պարբերականորեն լարվածություն ենք ունենում, և ցանկացած պահի բացառված չեն ռազմական լայնամասշտաբ գործողությունները, սակայն տևական ժամանակ է, ինչ ԶՈւ ԳՇ պետ չունենք, որը զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձն է, և որը պետք է կոորդինացնի այդ ոլորտում գործողությունները։ Իշխանության ներկայացուցիչներն ուղղակի հայտարարում են, թե՝ ԳՇ պետ չկա, դրա փոխարեն պաշտոնակատար կա, հերիք է։ Դե, ինչպես ասում են, այս «թիմին» այլևս որևէ բան բացատրելը և հուսալը, որ նրանք կհասկանան, արդեն անիմաստ է դառնում: Նրանց ինչի՞ն է պետք հասկանալը, թե ինչ է ամբողջական պատասխանատվությունը, ամբողջական համակարգումը և այլն: Այ, այսպես էլ ողջ երկիրը պատել են ժ/պ-ներով՝ ՏԻՄ-երից մինչև բանակ:

Առանց այդ էլ Փաշինյանը զինված ուժերի գլխին ինչ փորձարկում ասես արեց՝ հաճախակի փոխելով ԳՇ պետերին, սթրեսի ենթարկելով բանակային համակարգը և թիրախավորելով զինվորականներին։ Իսկ հիմա ընդհանրապես ժ/պ-ության ճանապարհով է թուլացնում բանակը: Խնդիրը կոնկրետ անձը չէ, այլ այն հանգամանքը, որ եթե որևէ մեկին իրոք վստահում եք, եթե այդ մեկը պետք է լիարժեք պատասխանատու լինի, ինչո՞ւ եք թողել ժ/պ-ի կարգավիճակում: Հասկանալի է, չէ՞, որ թեկուզ հոգեբանորեն այդ մարդը, միևնույնն է, ԳՇ-ում և, ընդհանրապես, բանակում ընկալվում է որպես ժամանակավոր:

Գումարած, որ ԳՇ-ում թափուր են նաև մի շարք առանցքային պաշտոններ: Փաշինյանն այլևս որևէ մեկին չի՞ վստահում, թե՞ համապատասխան կադրեր չեն մնացել, այնքան շատ է կադրային կոտորած արվել: Թե՞ այլ՝ ավելի խորքային պատճառներ կան: Հնարավոր է՝ բոլորը միասին: Այս ամենին զուգահեռ, Արցախում առկա իրավիճակը ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր ու ավելորդ է զորքերի՝ երկկողմանի հետքաշման գաղափարը։ Կարծես թե դրանով հիմք է ստեղծվում, որ հակառակորդը կրկին առաջխաղացում ունենա, քանի որ երբ հայկական կողմը հետ է քաշում իր զորքերը, ադրբեջանական զինված ուժերը պարզապես առաջ են շարժվում, ապա հրաժարվում են հեռանալ։ Հիշում ենք, որ Փաշինյանն առաջարկում էր ու հիմա էլ է առաջարկում, որ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու համար պետք է սահմաններից զորքերի հայելային հետքաշում կատարել։

Հանրությունը թող չզարմանա, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում կարող ենք ունենալ այնպիսի պատկեր, երբ որ այդ հայելային հետքաշման արդյունքում հակառակորդն էլ ավելի խորանա ՀՀ տարածքում։ Մյուս կարևոր իրողությունն այն է, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ մեզ տեխնոլոգիական բանակ է պետք, քանի որ ներկայումս պատերազմի կամ ռազմական գործողությունների ելքն առաջին հերթին որոշում են գերժամանակակից և գերճշգրիտ սպառազինությունները, որոնք կիրառվում են կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով։ Պատահական չէ, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է նորագույն սպառազինություններ ձեռք բերել ու դրա հետ մեկտեղ նոր զորամասեր է բացում՝ այդ թվում ձևավորելով «Կոմանդո» զորքերը։

Իսկ մեր իշխանություններն ի՞նչ են ձեռնարկել այս ընթացքում, քանի՞ նոր զորամաս են բացել կամ գերժամանակակից սպառազինությունների ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել։ Պատասխանը պարզ է՝ ոչինչ չի արվել։ Հաջորդ հարցը՝ արդյո՞ք ՀՀ ղեկավարությունն ուսումնասիրել կամ վերլուծել է, թե ինչո՞ւ պարտվեցինք Արցախյան 44-օրյա պատերազմում, կամ ինչպիսի՞ միջոցներով կարելի է պայքարել թշնամու ռազմավարության և մարտավարության դեմ։ Առաջինը, կարծում ենք, միանշանակ ոչ, քանզի իրենց ձեռնտու չէ:

Այս տրամաբանությամբ ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովը, որն արդեն կրում է «Նիկոլ Փաշինյանի անվան հանձնաժողով» անունը, պարզապես շոու է, ու իրականության բացահայտման առումով ոչինչ չի տալու: Իրականությունը կբացահայտվի միայն այն բանից հետո, երբ այս իշխանությունը հեռանա: Ինչ վերաբերում է հարցադրման երկրորդ մասին, ապա մենք դեռ այնքան լավատես ենք, որ այսքանից հետո դեռ հույս ունենք, որ նման վերլուծություններ արվում են: Կրկնենք՝ Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է նոր էսկալացիայի, քանի որ նրա զինվորականները Թուրքիայում համապատասխան մասնագետների համակարգմամբ մարզվում են, որպեսզի արագ առաջխաղացում ունենան՝ այդ թվում և լեռնային պայմաններում։ Իսկ մեզ մոտ իշխանություններն ամեն ինչով զբաղված են, բացի բուն գործից։

Ինչքան ոչ պրոֆեսիոնալ կադրեր կան, որոնք սոցցանցերում ժամանակ անցկացնելուց բացի ոչինչ չգիտեն, Փաշինյանը լցրել է պետական համակարգ՝ այդ թվում և անվտանգության ոլորտ։ Զուգահեռ Նիկոլը զբաղված է միայն ներքին հարցերով. ամեն ինչ անում է ՏԻՄ-երը վերջնական զավթելու համար և իրավապահների ձեռքերով քրեական հետապնդումների է ենթարկում իր անձի համար անցանկալի անձանց: Իսկ երկիրը պարզապես ձեռքից գնում է…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ