Վլադիմիր Գասպարյանը լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը լքել է Հայաստանը: Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունվարի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեն, քննելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վերագրվող կոռուպցիոն հանցագործության գործը, ավարտել է նախաքննությունն ու գործն ուղարկել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ 18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Նախկին ոստիկանապետը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել, սակայն հունվարի 18-ին Դատախազությունը հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության:
Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն լրացուցիչ քննություն է իրականացնում, եւ դեռ ավելին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետի մասով եւս մեկ քրեական գործ է քննվում, դատական համակարգը Գասպարյանին թույլ է տալիս լքել երկիրը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը լքել է երկիրը եւ գտնվում է Մոսկվայում: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին՝ Վ. Գասպարյանին վերաբերող գործով դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար նրա նկատմամբ ելքի սահմանափակումը ժամանակավորապես հանելու վերաբերյալ: Դատարանում միջնորդության քննարկման ընթացքում դատախազը առարկություն՝ անհամաձայնություն է հայտնել դրան:
Ըստ էության՝ դատախազությունը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իրենք դեմ են եղել այդ որոշմանը, բայց ոստիկանապետը այլեւս երկրում չէ»: