22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունն իր տեղում չէ․ հույսը Կենտրոնական բանկն է․ 168.am

168.am-ը գրում է․

Գնաճը կառավարությունը թողել է Կենտրոնական բանկի վրա ու մի կողմ քաշվել։ Գների կայունության ապահովումն իսկապես ԿԲ գործառույթն է, սակայն դրանում էական դեր ունի նաև կառավարությունը։ Բայց կառավարությունն այդ դերը գցել է իր վրայից։ Ֆինանսների նախարարն ասում է՝ գնաճի կառավարումը գտնվում է Կենտրոնական բանկի գործիքակազմում, և ԿԲ-ն նպատակ ունի գնաճը վերադարձնել օրենքով սահմանված շրջակայք։

Օրենքով սահմանված շրջակայքը 3,5-5,5 տոկոսն է։ Բայց հասկանալի է, որ խոսքը 3,5 տոկոսի մասին չէ։

Լավագույն դեպքում, գնաճը կարող է լինել 5,5 տոկոս։ Սակայն այս պահին նման սցենարն էլ անհավանական է, ու դա կառավարությունը լավ գիտի։ Գիտի, բայց ոչինչ չի անում գնաճը մեղմելու ու Կենտրոնական բանկին օժանդակելու համար։ Չնայած դրա համար ինքն էլ բազմաթիվ լծակներ ունի։

Կառավարությունը չի կատարում գնաճը մեղմելու իր գործառույթը, իսկ Կենտրոնական բանկը ստիպված է լինում ավելի կոշտ դրամավարկային քաղաքականություն իրականացնել, քան կարող էր իրականացնել, եթե կառավարությունն իր տեղում լիներ, թույլ չտար արհեստական գնագոյացման երևույթներ, որոնք տեսնում ենք շուկայում։ Այնտեղ է հասել, որ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն։ Այդ դեպքում ինչի՞ համար է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որի հիմնական ֆունկցիաներից մեկն էլ անհարկի գների բարձրացում թույլ չտալն է։

Հայտնի բան է, երբ գները բարձրանում են, էական չէ՝ սպառողների շրջանում ի հայտ եկող պանիկան զսպելո՞ւ, թե՞ մեկ այլ պատճառով, այլևս նախկին մակարդակին վերադառնալու հակում չունեն։ Պատահական չէ, որ էկոնոմիկայի նախարարի ասած պանիկայի ժամանակ արձանագրված թանկացումից հետո, բազմաթիվ ապրանքների գներն այդպես էլ հետ չեկան նախկին դիրքին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտարկումներն են ցույց տվել, որ գները բարձրանալուց հետո որոշ չափով նվազել են, սակայն անհամեմատ ավելի բարձր են, քան մինչ այդ։ Խոսքը ձեթի, այլուրի, կարագի և այլ ապրանքների գների մասին է։

Այնինչ, եթե Հանձնաժողովը ժամանակին արձագանքեր, գուցե այսօր գների նման աճ էլ չունենայինք։

Իսկ քանի որ բազմաթիվ ապրանքների շուկաներում նման միտումներ դրսևորվեցին, որը զսպելու ուղղությամբ կառավարությունը ոչինչ չարեց, Կենտրոնական բանկը հարկադրված էր գնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բավական կտրուկ բարձրացման։ Բարձրացումը գուցե այդքան կտրուկ չլիներ, եթե կառավարությունը փորձեր ժամանակին միջամտել և թույլ չտալ արհեստական գնաճի երևույթներ։ Կառավարությունը դա չարեց՝ հարկադրելով Կենտրոնական բանկին ավելի կոշտացնել դրամավարակային քաղաքականությունը։

Սա, իհարկե, նոր երևույթ չէ և նկատվում է արդեն բավական ժամանակ։ Կենտրոնական բանկն ու կառավարությունը դադարել են համահունչ գործել գնաճի հարցում։

Դրանից տուժում է՝ ինչպես սպառողը, այնպես էլ՝ տնտեսությունը։ Չհամակարգված գործողությունների հետևանքով մի կողմից՝ դժվարանում է գնաճի մեղմումը, մյուս կողմից՝ վնասներ է կրում տնտեսությունը։

Դրամավարկային քաղաքականության կոշտացումը բերում է տնտեսական գործընթացների դանդաղեցման։ Փողը սկսում է ավելի քիչ շրջանառվել տնտեսության մեջ։ Բարձրանում են վարկերի տոկոսադրույքները՝ զսպելով տնտեսության մեջ դրանց հոսքերը։

Նման իրավիճակի բախվեցինք անցած տարի, երբ Կենտրոնական բանկը մի քանի անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրա հետևանքը եղավ այն, որ տնտեսության մեջ մտնող բանկային կապիտալը կրճատվեց։

Հիմա, երբ ԿԲ-ն էլ ավելի է կոշտացրել դրամավարակային քաղաքականությունը, այդ միտումը խորանալու է։ Բանկային կապիտալի հոսքերը տնտեսության մեջ շարունակելու են սահմանափակվել։ Մի բան, ինչն ազդելու է տնտեսության զարգացումների և սպասվող տնտեսական աճի վրա։ Պատճառներից մեկն էլ դա է, որ միջազգային ու տեղական ֆինանսական կառույցները նվազեցնում են մեր տնտեսության աճի հավակնությունները։

Բարձր գնաճը զսպող գործոն է տնտեսական աճի համար, հատկապես, երբ դրա դեմ փորձում են պայքարել միայն դրամավարկային քաղաքականության գործիքներով։ Այնինչ՝ կարող էր նաև այդպես չլինել։

Գնաճի զսպումն ինքնանպատակ չէ։ Դրանով փորձ է արվում ոչ միայն՝ ապահովել գների կայունությունը, այլև՝ պաշտպանել սպառողներին՝ թանկացումների պատճառով առաջացող սոցիալական հնարավոր հետևանքներից, ինչը բացառապես կառավարության գործառույթն է։ Իսկ կառավարությունը վաղուց հրաժարվել է այդ գործառույթից։ Թեև այս իրավիճակում անհամեմատ ավելի արդյունավետ կլիներ գնաճի դեմ պայքարել ոչ այնքան դրամավարկային քաղաքականության գործիքներով, ինչը վնասում է տնտեսությանը, այլ փորձել տարբերակներ գտնել՝ գնաճի սոցիալական հետևանքները մեղմելու և տնտեսության զարգացումներին չվնասելու համար։

Դրա համար հարկավոր է, որպեսզի կառավարությունը կատարի իր սոցիալական պարտավորությունները։ Մտածի, եթե ոչ բոլորի, ապա գոնե սոցիալական խոցելի խմբերի եկամուտներն ինչ-որ կերպ ավելացնելու ու գնաճը, թեկուզ մասնակի, պետության հաշվին փոխհատուցելու մասին։

Դա կարող է լինել՝ ինչպես խոցելի խմբերում գտնվող քաղաքացիների աշխատավարձերի բարձրացման, այնպես էլ՝ կենսաթոշակների ու նպաստների գոնե ինդեքսավորման միջոցով։ Հակառակ դեպքում՝ ունենալու ենք ինչպես բարձր գնաճ և թույլ տնտեսական զարգացում, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակի վատացում ու աղքատության խորացում։

Սոցիալական իրավիճակը մինչև վերջին թանկացումներն էլ Հայաստանում վատ էր։ Վերջին անգամ աշխատավարձը, այն էլ՝ բացառապես նվազագույն աշխատավարձը, բարձրացել է 2020թ. սկզբին։ Այն ժամանակ, երբ գնաճային այնպիսի ուժեղ ճնշումներ չկային, ինչն առկա է վերջին երկու տարիներին։

Անցած տարի միջին գնաճը կազմեց 7,2 տոկոս, սննդամթերքինը հասավ 13 տոկոսի։

Այս տարի դրա վրա սպասվում է ոչ պակաս բարձր գնաճ։ Վերջին շրջանում թանկացումների նոր ալիք է սկսվել առաջին անհրաժեշտության ապրանքների ու հատկապես սննդամթերքի առանձին տեսակների շուկաներում՝ կապված համաշխարհային առաջարկի կրճատման սպասումների հետ։

Չնայած գնաճային այսպիսի բարձր ճնշումներին, վերջին 2 տարիներին Հայաստանում չեն ավելացել նաև հիմնական կենսաթոշակներն ու նպաստները։ Մեկ-երկու հազար դրամով բարձրացել են նվազագույն կենսաթոշակն ու նպաստը, որը, ինչպես կենսաթոշակառուների, այնպես էլ՝ նպաստառուների մեծ մասին չի վերաբերում։

Կառավարության խնդիրն է՝ մտածել այս մարդկանց սոցիալական պաշտպանության մասին։ Բայց ինչպես տեսնում ենք, կառավարությունն իր տեղում չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ