Ինչո՞ւ հենց հիմա…«Փաստ»
Պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը շարունակում է սանձարձակ պահվածքը և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմաններին պարբերաբար լարվածություն է հրահրում։ Զուգահեռ՝ հետևողականորեն ձեռնամուխ է եղել Արցախի բնակչության համար անմարդկային պայմաններ ստեղծելու քայլերին։ Մասնավորաբար, մարտի 8-ից սկսած Ադրբեջանը տարբեր ձևերով խոչընդոտում է Արցախի գազամատակարարումը, այն էլ՝ եղանակային շատ բարդ պայմաններում։
Արդյունքում օրեր շարունակ արցախցիները մնացել են առանց ջեռուցման, որի արդյունքում հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։ Իսկ այս ամենին հետևում է այն իրողությունը, որ ադրբեջանական զինուժը Արցախում խախտում է շփման գիծը և շարժվում Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Թերևս պարզ է, թե ինչու են այս իրադարձությունները տեղի ունենում հենց հիմա։ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են դիվիդենտներ քաղել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից ու սեփական պայմանները թելադրել։
Ըստ այդմ, շատ հետաքրքիր է, որ և՛ Անկարան, և՛ Բաքուն արտաքուստ ցույց են տալիս, թե Ռուսաստանի դեմ հանդես չեն գալիս, սակայն միաժամանակ տեսանելի աջակցություն են ցույց տալիս Ուկրաինային։ Օրինակ՝ Թուրքիան շարունակում է Ուկրաինային զինամթերք տրամադրել, այդ թվում՝ թուրքական արտադրության անօդաչուներ, իսկ Ադրբեջանը հումանիտար աջակցության անվան տակ Կիևին օգնում է էներգակիրներով, որը ուկրաինական կողմը կարող է նաև ռազմական նպատակներով օգտագործել։ Եվ չնայած թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ռուսական և ուկրաինական կողմերի միջև միջնորդի դերում հանդես գալ, այնուամենայնիվ, քողարկված կերպով շահագրգռվածություն է ցուցաբերում այն հարցում, որ Ռուսաստանը ինչքան հնարավոր է ավելի տևական ու խորն ընկղմվի հավաքական արևմուտքի հետ հակամարտության մեջ։ Իսկ ռազմական գործողությունների շարունակությունը նշանակելու է նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև տնտեսական առճակատման շարունակություն, որի հետևանքով ռուսական դիրքերը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, կարող են էականորեն թուլանալ։
Հասկանալի է, որ պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման հարցում Թուրքիայի ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտներից մեկը հենց ռուսական ազդեցությունն է։ Բոլորովին պատահական չէ, որ Շուշին հռչակվեց հենց համաթյուրքական մշակութային մայրաքաղաք։ Եվ, ըստ թուրքական ծրագրերի տրամաբանության, հաջորդ քայլը պետք է լինի Արցախի հայաթափումը։ Այսինքն, եթե Արցախում հայությունը չապրի, ապա ռուս խաղաղապահների առկայությունն այդ տարածքում անիմաստ կլինի։ Սակայն միամտություն է կարծել, թե Ադրբեջանը Արցախը հայաթափելուց և յուրացնելուց հետո կանգ է առնելու։
Թուրք-ադրբեջանական տանդեմի հաջորդ թիրախն, ըստ ամենայնի, լինելու է ստրատեգիական դիրք ունեցող Սյունիքը։ Արդյոք պատահակա՞ն է, որ թուրքական և ադրբեջանական պաշտոնական շրջանակները մինչև հիմա շարունակում են խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ դեռևս անցյալ տարի Թուրքիայի պետական TRT հեռուստատեսությունը արտերկրի համար նախատեսված հաղորդումների կայքում անգլերենով մի քարտեզ էր տպագրել, որտեղ «Զանգեզուրի միջանցք» էին կոչում ոչ միայն այն ճանապարհը, որով իրենք անցնելու են, այլ ամբողջ Սյունիքը և Վայոց ձորի մի մասը: Թշնամին թշնամի է, և այս ամենը հազիվ թե անսպասելի է: Այստեղ ամենատարակուսելին այն է, որ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկում հակառակորդի ախորժակը զսպելու ուղղությամբ, իսկ մեր իշխանությունները փորձում են «շարժվել» այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկորին է հասել։ Ընդ որում, այդ «շարժվելն» էլ չափազանց հարաբերական է: Միակ բացառությունը երևի թե կառավարության վերջին նիստն էր, որի ժամանակ Փաշինյանը համարձակվեց համեմատաբար կոշտ գնահատականներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին, սակայն թշնամուն արդեն հաջողվել էր խորացնել ճգնաժամն Արցախում։ Իսկ նախորդ շաբաթ տեղի ունեցած կառավարության նիստում Փաշինյանը նույնիսկ չհամարձակվեց որևէ գնահատական հնչեցնել՝ նշելով, թե ձեռնպահ կմնա մեկնաբանություններից։ Բայց երևի թե հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը թույլ չէր տալիս Արցախի գազամատակարարումը, պետք էր կոնկրետ գնահատականներ հնչեցնել ու հասցեական դիմումներ հղել միջազգային հանրությանն ու խաղաղապահներին, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է իրագործում Արցախի նկատմամբ։ Մյուս կողից էլ՝ զարմանալի է, որ Ադրբեջանի կողմից 5 կետերի վերաբերյալ պահանջները ստանալուց հետո են ՀՀ իշխանությունները դիմում ԵԱՀԿ Մինսկի խմբին բանակցություններ սկսելու առաջարկով։
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին Փաշինյանը ճանապարհային քարտեզ էր հրապարակել, որում նշում էր, թե իր հիմնական խնդիրներից մեկն է համարում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների սկսումը։ Ճիշտ է համարում: Սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ է արվել այս ընթացքում, ինչո՞ւ համանախագահները տարածաշրջան այցելություն չեն կազմակերպել ու չեն սկսել իրեն գործունեությունը, կամ ինչո՞ւ որևէ հայտարարություն չեն կատարում Ադրբեջանի հանցագործ պահվածքի վերաբերյալ։ Սա նաև նրա արդյունքն է, որ Փաշինյանը ժամանակին, Մինսկի խմբից սեպարատ, վերելակում չկրակելու համաձայնության էր գալիս Ալիևի հետ, և հնարավոր է՝ նույնը կատարվում է նաև հիմա։ Բացի դրանից, պատերազմից տևական ժամանակ է անցել, ի՞նչով էին զբաղված ՀՀ իշխանությունները, ո՞ւր է նրանց դիվանագիտությունը, ինչո՞ւ միջազգային հանրությունը և տարբեր կազմակերպություններ բավարար արձագանք չեն տալիս ստեղծված իրավիճակին։