Երասխում մեր դիրքերի մի հատվածը գյուղի մատույցներում է, մի հատվածը՝ մայրուղու. Տ.Աբրահամյանը՝ զորքերի հետքաշման մասին
Ակնհայտորեն երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի խոսքը փոխկապակցված էր Արցախում տիրող իրավիճակի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս իշխանության հիմնական մոտեցումն այն է, որպեսզի հնարավորինս փափուկ բնութագրումներով եւ որակումներով հանդես գալ Ադրբեջանին վերաբերող հարցերին: Նիկոլ Փաշինյանի երեկվա համեմատաբար կոշտ հայտարարությունը ցույց է տալիս, որ իրավիճակն ավելի է ծանրացել, քան կարելի էր պատկերացնել: Դրանով էր պայմանավորված, որ երեկ նա լրիվ այլ բառապաշարով էր խոսում:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանին առաջարկել է Երասխի ուղղղությամբ եւս երկու կողմերը հայելային հետ քաշվեն իրենց մի քանի դիրքերից, Աբրահամյանն ասաց. «Երբ տարածքներից հետքաշման մասին է խոսվում, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ արդեն իսկ նմանատիպ իրավիճակ եղել էր Ասկերանի շրջանում, հատկապես Փառուխ գյուղի հատվածում, եւ մենք տեսանք՝ դա ինչի բերեց: Դա բերեց ադրբեջանական կողմից ներխուժման: Ինչ վերաբերում է Երասխին, հասկանալու համար, թե հետքաշումն ինչ խնդիր կլուծի, պետք է հասկանալ, թե դա որ ուղղությամբ, քանի մետր կամ կմ է ենթադրում: Որովհետեւ Երասխի հատվածում մարտական դիրքերը մի հատվածում հենց գյուղի մատույցներում են, այսինքն այդտեղից զորքերի դուրսբերումը լուրջ սպառնալիք է ստեղծելու բնակչության համար: Մի հատվածը մայրուղու հատվածում է եւ մեր հետ քաշվելը սպառնալիքի տակ կարող է դնել մայրուղին: Այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի ասածը որեւէ ձեւով հասկանալի չէ»:
Պատգամավորը նկատեց, որ այս իշխանության դեպքում չունենք որեւէ երաշխիք, որ այս իշխանությունը իրավիճակին համահունչ գործելու է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին կառավարության նիստում վարչպետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Իր գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժետ են ամուր նյարդեր ու մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք»:
news.am