Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին. Կարեն Կարապետյան
Ցավով տեղեկացա Վահան Հովհաննեսյանի անժամանակ մահվան մասին: Գիտեի, որ ծանր հիվանդ է, բայց ոչ մի կերպ չէի ցանկանում հավատալ, որ այլևս հույս չկա: Ցավոք, մեզանից հեռացավ մարդկային կերպար, ում նմանների անհրաժեշտությունը շատ ունի մեր հասարակությունը: Վահան Հովհաննեսյանի անունն առաջին հերթին ասոցացվում է քաղաքական դաշտի հետ, Դաշնակցության հետ: Ավելի քան հարյուրամյա այդ կուսակցության մեջ շատ են այդպիսի գործիչները, սակայն Վահանի ինտելեկտուալ կերպարը, արժանապատիվ պահվածքն ու աուրան անվիճելիորեն բացառիկ էին: Կարծում եմ` սա ոչ միայն իմ, այլև բազմահազար մարդկանց, նաև քաղաքական գործիչների կարծիքն է` անկախ քաղաքական հայացքներից: Վահան Հովհաննեսյանը երբեք չտրվեց տարաբնույթ ալեկոծումներին: Դրա վկայությունն են իր ապրած տարիներն ու դրանց մեջ իր մեծ պատասխանատվությունը ոչ միայն Դաշնակցության, այլև ընդհանրապես երկրի նկատմամբ: Շատ չեն այնպիսիք, ովքեր իրենց լավագույն տարիներն ապրելով զրկանքների մեջ` չեն կոտրվել, այլ հասկանալով այդ վիճակի ժամանակավորությունը` պայքարել են, որպեսզի հասարակության լայն շերտերի համար բացառեն այդ զրկանքները:
Իհարկե, կարելի էր և չգրել այս տողերը և ցավը ներս գցած` ինքնամփոփ լռել: Սակայն, իմ կարծիքով, հատկապես երբ խոսքը արժանապատիվ կյանք ապրած, կրկնում եմ` բացառիկ դիմագիծ ու պահվածք ունեցող անհատի մասին է, ում նմանները, մեղմ ասած, հաճախ չեն հանդիպում, պակաս էական չէ, որ հասարակությունը նրան առավել լավ ճանաչի նաև իր գործընկերների կարծիքներով: Միայն ափսոս, որ նման մարդիկ հաճախ լիարժեքորեն գնահատվում են միայն մահից հետո…
Ցավում եմ Վահանի պես մարդու, գործչի, գիտնականի վաղաժամ կորստի համար և ցավակցում եմ իր բոլոր հարազատներին, կուսակից ընկերներին և ընդհանրապես բոլորիս…
Կարեն Կարապետյան
ԱԺ պատգամավոր