Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունն ազատվեց մաքսատուրքից․ «Առավոտ»
Կառավարության երեկվա նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։
«ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։
Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 33,4% բաժնեմասը Ստեփան Ավանեսյանին է, 33,3%-ը՝ Նիկոլայ Մխիթարյանինը, եւ նույնքան բաժնեմաս էլ Մանե Բուդաղյանինը։
Կառավարության երեկվա որոշմամբ, ընկերությունը պարտավորվում է 500 մլն դրամի ներդրում անել՝ գործարանի վարձակալության եւ հումքի ձեռքբերման համար, ստեղծել 27 նոր աշխատատեղ` մինչեւ 171 հազար դրամ աշխատավարձով։
Նշվում է, որ ընկերությունը 4 տարիների ընթացքում ստեղծել է 7 հայկական պրեմիում բրենդներ՝ «Wild Hive» սերտիֆիկացված 100% օրգանական մեղրը, «Beak Pick, Coloreat», «Mrgastan», «Boon Bariq» ջեմերի եւ մուրաբաների բրենդները, «Riceman» բասմատի բրենդը եւ «Rubin» նռան գինու բրենդը։ Արտադրանքը արտահանվում է ԱՄՆ, Անգլիա, ՌԴ, Բելառուս, Վրաստան եւ այլ երկրներ։ Ընկերությունը խոստանում է՝ ներդրումային ծրագրի շրջանակներում մեծացնել արտադրության ծավալները եւ արտադրել տարեկան 250 հազար տարա ջեմեր եւ մուրաբաներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53.4 մլն դրամ»: