23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի գլխավոր մարտահրավերն ու «փակ շղթան». «Փաստ»

Հայաստանն անկախությունից ի վեր մեր պատմության ամենաբարդ ժամանակաշրջանն է ապրում։ Եվ դրա արդյունքում է, որ մի կողմից՝ հանրության ու քաղաքական ուժերի շրջանում դեռևս հիասթափություն, հուսալքություն ու անտարբերություն է տիրում, սակայն մյուս կողմից էլ գլուխ է բարձրացնում պայքարի ոգին։ Իսկ իշխանությունները, տեսնելով, որ իրենց քաղաքականությունը հանրային հուժկու դիմադրության չի հանդիպում, շարունակում են իրենց ավերիչ գործունեությունը։

Թերևս այս պայմաններում պայքարի հիմնական տարբերակներից մեկը մնում է ընդդիմության ունեցած գործիքակազմը։ Հայաստանի իրական ընդդիմությունը փորձում է անել այս պայմաններում հնարավորը: Հնարավորը, քանզի մի կողմից՝ մեծ չէ ընդդիմության գործիքակազմը, մյուս կողմից՝ նաև պետք է հաշվի առնել, որ ցանկացած վաղաժամ մեկնարկ, չհաշվարկված քայլ կարող է հակառակ արդյունք տալ: Այս օրերին բավական թեժ է խորհրդարանում: «Պատիվ ունեմ» խմբակցությունն, օրինակ՝ լսումներ էր կազմակերպել՝ առաջարկելով փոփոխել Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, որ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը պարբերաբար հաշվետու լինեն խորհրդարանին արտաքին հարցերով։ Լսումների ընթացքում բավական մեծ հանրային ներկայացվածություն կար, բազմաթիվ ելույթներ եղան, այդ թվում՝ բավական կոշտ։

Միաժամանակ, ընդդիմադիր երկու խմբակցությունները ակտիվ ջանքեր են գործադրում Հայաստանի, Արցախի և ընդհանրապես պետականության շահերը պաշտպանող նոր օրենսդրական նախաձեռնություններ և հայտարարությունների նախագծեր ԱԺ օրակարգ ներառելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ ընդդիմությունը գործում է իրեն տրված հնարավորությունների սահմաններում, սակայն օրենսդրական նախաձեռնությունների վերջնական ճակատագիրը կախված է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից։ Եվ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը պատկերացնելով՝ զարմանալի ոչինչ չկա, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ելնում են պետության շահերի պաշտպանության դիրքերից, անխտիր մերժվում են։

Այդպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրերս տապալվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ օրակարգ ներառված «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» հայտարարության նախագիծը, ինչի կապակցությամբ ընդդիմադիր խմբակցությունները հատուկ հայտարարությամբ և կոչով հանդես եկան՝ արձանագրելով, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց մյուս կողմից էլ՝ հստակ է, որ Հայաստանի խնդիրն իրականում նույնիսկ օրենքները, օրենսդրական նախագծերը կամ դրանց փոփոխությունները չեն, որքան էլ դրանք կարևոր լինեն: Ժամանակը ցույց տվեց, որ մեր պետության խնդիրը Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ կենտրոնացած անձնիշխանության համակարգն է։

Ավելի կոնկրետ՝ այդ իշխանության քաղաքական ամբարտավանությունը, որը կարող ենք խորհրդանշական կերպով ամփոփել Փաշինյանի հայտարարության շրջանակներում. «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»։ Դրա արդյունքում է, որ Փաշինյանը զրոյացրեց բանակցային ողջ գործընթացը, հասցրեց պատերազմի, երկիրը խայտառակ կապիտուլ յացիայի առաջ կանգնեցրեց: Բայց դա այսօր ևս շարունակական բնույթ է կրում: Նրանք հիմա ադրեն շատ ուղիղ հայտարարում են Արցախից փաստացի հրաժարվելու մասին՝ գերադասելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները: Սակայն ամենացալին այն է, որ իշխանությունների այս ամբարտավանությունը՝ «ինչ ուզում ենք, այնպես էլ անում ենք»-ի համատեքստում, հասարակական որոշակի շրջանակների աջակցությունն է ստանում։

Փակ շղթա է. նշյալի արդյունքում ունեցանք հունիսի 20, իսկ հունիսի 20-ը գործող իշխանության համար դարձավ ամբարտավանության նոր դոզայի հիմք: Հասկանում ենք՝ հանրային որոշակի շրջանակների այսպիսի անտրամաբանական վերաբերմունքը տարիներ շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ստերով կերակրելու արդյունք է, որ ոչ քիչ թվով մարդիկ նույնիսկ հիմա չեն ցանկանում ընդունել ակնհայտ իրողությունները։ Ցավոք, չափազանց ուժեղ են եղել որոշակի կենտրոններից համակարգված ուղեղալվացման աշխատանքները: Ու երևի թե դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր հասարակության այդ հատվածն էլ, ի վերջո, պարզ ու հստակ գիտակցի, որ այս իշխանությունները Հայաստանի գլխավոր մարտահրավերն են, քանի որ երկիրն ուղղակիորեն տանում են կործանման ճանապարհով։ Նրանք ամեն ինչ անում են, որ մեր հասարակությունը դա գիտակցի, ընկալի: Մնում է հասկանալ՝ էլ ի՞նչ պիտի անեն, որ այդ գիտակցումը վերջապես հասու լինի բոլորին…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ