՛՛Միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է՛՛
Խաչիկ Ասրյանի և ՛՛Հայոց Արծիվների՛՛ հերթական այցը
5-րդ բանակային զորամիավորում
՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորումում ամփոփեց 2014 թվականի կատարած ռազմահայրենասիրական գործունեությունը:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Միջոցառումն սկսելուց առաջ՝ Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ լռության րոպե հայտարարվեց հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք` Խաչիկ Ասրյան. ՛՛Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր, արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, մարտիրոսված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ, կազմավորեց Հայոց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամել էր՝ ՛՛Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասի պատճառով՛՛: Ես ավելացնում եմ՝ ՛՛Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման: Ահա՛ իմ դավանած հայրենասիրությունը՛՛:
Արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատգամում է. ՛՛Պետք է կառուցել այնպիսի բանակ, որտեղ զինվորը ոչ թե ռեսուրս է, այլ՝ անհատականություն…՛՛: Այո՛, դո՛ւք եք այդ անհատականությունը՝ հայրենատեր հայոց զինվորականներ, որովհետև, դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ և ասում. ՛՛Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի և այդ հաղթությունը դուք եք բերում ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար…՛՛:
Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը իր դարավոր պատմության էջերում ամրագրեց ձեռքբերումների ևս մեկ տարի և մուտք է գործում 2015 թվական` հավատքի, վստահության, հավատարմության, աշխատասիրության, պատասխանատվության, հզորացման տարի:
Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող ՛՛Հայոց Արծիվների՛՛ և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ազգային բանակի ոգետենչ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, ՛՛Հայոց Արծիվներ՛՛, միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզ սպասող թանկագին ձեր ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե՛ք, որ միայն ընտանիքիդ կուռ միասնությունն ու համերաշխությունն են բոլոր ձեռքբերումների հիմքն ու երաշխավորը: Միշտ գիտակցե´ք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելու հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրեցեք ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե՛ ազգային բանակը, կեցցե´ հայոց Նախագահը, կեցցե´ հայոց պետականությունը՛՛):
Խաչիկ Ասրյանը ՛՛Լեռնահայաստանի Արծիվ՛՛ ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ազգային բանակի սպաներին, ինչպես նաև ուժի և հզորության խորհրդանիշ սուր նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասում կազմակերպած ռազմահայրենասիրական հերթական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Վիվասել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին՝ ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
՛՛Հայոց Արծիվներ՛՛ՀՀԿ-ի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով