22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան եւ Ադրբեջանը կողմ են խաղաղության մի Հայաստանի հետ, որը կունենա բուտաֆորիկ նշանակություն. Ռուբեն Մելքոնյան

«Այն, ինչ անվանվում է խաղաղություն՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եկեք փաստենք, որ դա հենց կապիտուլյացիայի շարունակությունն է»,- այսօր, Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած՝ «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում եւ սպառնում Հայաստանին» թեմայով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Իր գնահատմամբ, Թուրքիան եւ Ադրբեջանը կողմ են խաղաղության մի Հայաստանի հետ, որը կունենա բուտաֆորիկ նշանակություն, որը կհրաժարվի իր կարեւոր կարմիր գծերից, որոնց պաշտպանում էր վերջին 30 տարիների ընթացքում, կհրաժարվի իր ինքնությունից, պատմական հիշողությունից:

«Արեւելքում չի կարող խաղաղություն լինել՝ պարտվածի եւ հաղթածի միջեւ, մանավանդ, որ այդ խաղաղության բանակցությունները շարունակում է վարել պարտվածը։ Արեւելյան քաղաքականության հոգեբանությամբ, պարտվածի հետ բանակցում են կապիտուլյացիան ամրագրելու շուրջ, պարտված ֆեյսի հետ չեն բանակցում խաղաղության շուրջ: Հետեւաբար, այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություն, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություն, ի սկզբանե բանակցություն է պարտությունը ամրագրելու, կապիտուլյացիան ամրագրելու»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ թե Ալիեւը, թե թուրք պաշտոնյաները հստակ ցույց են տալիս իրենց վերաբերմունքը Հայաստանի կողմից բանակցող պաշտոնյաներին եւ եթե այդ պաշտոնյաները ՀՀ ԱԺ-ում շատ ինքնավստահ խոսում են եւ հայտարարություններ են անում, Անթալիայում նրանք ենթարկվել են ամենավերջին նվաստացման: Ելնելով այս ամենից, թուրքագետը կեղծ օրակարգ է համարում ՀՀ իշխանության կողմից թմբկահարվող, խաղաղության օրակարգը. «Ադրբեջանը գնալու է, այսպես կոչված, հաշտության Հայաստանի հետ, որը զրկված է Արցախից, Սյունիքի մի մասից, ունակ չէ պաշտպանել իր ինքնիշխանությունը, հանձնել է իր ճանապարհները՝ միջանցքների տեսքով, հրաժարվել է իր պետական ատրիբուտներից, Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ է արել։ Այն այլեւս պետություն չի լինելու»։ Այս ամենի հավաստումն, ըստ բանախոսի, երեկ ԱԺ-ում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունն էր, որ Ադրբեջանի առաջարկած հինգ կետերն, ըստ էության, ընդունելի են: Այս իրավիճակում, Ռուբեն Մելքոնյանը ՀՀ իշխանություններին համարում է Հայաստանի թիվ մեկ թշնամին եւ անիմաստ է համարում բոլոր քննարկումները, որպես զրուցակից ընդունելով իշխանության այս կամ այն օղակին: Իր գնահատմամբ, իշխանական, պետական համակարգերը զբաղված են մեկ անձի անվտանգությունն ապահովելով եւ Սյունիքի ու բոլոր մնացած բնակավայրերի անվտանգությունը ստորադասվում է այդ մեկ անձի անվտանգությանը: Նա հայտարարում է, որ իշխանության բանաձեւը մեկն է, որը հնչեցրել է այս իշխանության սատարողներից մեկը՝ «Ալիեւը թող գա Հայաստանը գրավի, թոռներիս կոտորի, բայց իշխանության մնան այս մարդիկ»:

Թուրքագետը համոզված է. «Հայաստանի պարտված իշխանությունը պետք է հեռանա, իսկ նոր կառավարությունը առնվազն տեսական հնարավորություն ունի մանեւրելու, նախկին պայմանավորվածությունները քննարկելու եւ դրանցից մի քանիսը չընդունելու։ Այդ դեպքում մենք կարող էինք ինչ-որ բան փոխել։ Գործող իշխանության գործողությունները կարող են ներառվել դասագրքերում այն մասին, թե ինչ չպետք է անեն իշխանությունները»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ