Եթե ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացվի, ավելի շատ քրեական հետապնդման են ենթարկվելու ընդդիմադիրները. Հայկ Կոնջորյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն:
Ըստ իշխանական խմբակցության՝ նախագծում թաքնված նպատակներ, արտաքին քաղաքական նպատակներ կան:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ այն կարգավորումը և այն գաղափարը, որն ընդդիմությունն առաջարկում է, ՀՀ օրենսդրությունն այդ հարցն արդեն հասցեագրում է
«Ըստ էության այն, ինչ հիմա դուք փորձում եք այստեղ գեներացնել, մաքուր քաղաքական դիսկուրս է, և մենք բազմիցս ականատես ենք եղել նման իրավիճակների: Դուք բերում եք նախագծեր, որոնք, ձեր կարծիքով, հետևյալ տրամաբանության մեջ են՝ եթե մենք ընդունենք, ապա դա կառաջացնի խնդիր, եթե չընդունենք, կառաջացնի խնդիր», – ասաց Կոնջորյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե այդ նախագիծն ընդունվի, ապա ավելի շատ քրեական հետապնդման են ենթարկվելու նախագիծը ներկայացրած ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչներ:
«Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին ձեր վարչապետի թեկնածուն էր, որ պատերազմի ժամանակ գեներալներին հրավիրում էր Երևանում գործողություններ անելու, հիմա դուք եկել եք, զբաղվում եք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությամբ և մեզ մեղադրում եք, թե կարծես մենք չենք պաշտպանում այդ տարածքային ամբողջականությունը», – ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: