Ում են հասցեագրված եղել և ինչպես են փոխանցվել Ադրբեջանի կողմից 5 առաջարկները. «Ժողովուրդ»
Գործող իշխանությունների կողմից անընդհատ շոշափվող «Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու» թեզն ասես միս ու արյուն է ստանում: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ հարաբերություններ կարգավորելու առումով Հայաստանին ներկայացված 5 կետերում անընդունելի ոչինչ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթն ԱԳՆ պաշտոնական հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե այդ 5 առաջարկ-կետերն ինչ միջոցով են պաշտոնական Երեւանին փոխանցվել՝ ուղիղ արդյոք կապով, թե, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջոցով: Ե՞րբ են եկել այդ առաջարկներն ու կոնկրետ ո՞ւմ են հասցեագրված՝ ՀՀ ԱԳ նախարարի՞ն, վարչապետի՞ն, թե՞ նախագահին: Նախարարությունը մեր հարցմանը պատասխանել էր. «Ադրբեջանական կողմի առաջարկները հայկական կողմին փոխանցվել են դիվանագիտական խողովակներով եւ հասցեագրված են ՀՀ իշխանություններին»:
Ի՞նչ դիվանագիտական խողովակի մասին է խոսքը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը որեւէ տեսակի շփումներ չունեն, աղավնիով լուր ուղարկելու մեթոդն էլ արդեն մի քանի հազարամյակ դուրս է կիրառությունից: Նախարարությունը խուսափել է նաեւ հստակ պատասխանել հարցին, թե ում են հասցեագրված Ադրբեջանի առաջարկ-կետերը՝ ըստ երեւույթին ապահովագրելով հետագայում որեւէ մեկին հարվածի տակ դնելուց:
Փոխարենը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա: Մնում է պարզել՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ասելով՝ ինչ նկատի ունի Արարատ Միրզոյանը. Արցախը ո՞ր երկրի կազմում է մնալու: