Պարգեւներ լրագրողներին /վիդեո/
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է նրանց Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ եւ նշել, որ տարեցտարի մամուլի հետ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, իսկ հասարակությունը՝ առավել տեղեկացված:
ԱԺ նախագահը խոսել է նաեւ 2014թ ընթացքում ունեցած ձեռքբերումների եւ բացթողումների մասին, անդրադարձել 2015թ անելիքներին՝ նշելով, որ մասնավորապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հայ ժողովրդին համախմբելու գործում մեծ է լինելու լրագրողների եւ մամուլի դերակատարությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ` պետական կառավարման համակարգում հանրային կապերի եւ տեղեկատվության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը պարգեւատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: Հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու, խորհրդարանի աշխատանքը բազմակողմանի ներկայացնելու համար Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքները համակողմանի եւ բարեխիղճ լուսաբանելու համար ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ՝ Գայանե Խաչատրյանը (“168 ժամ” թերթ), Մարիա Ասատրյանը (“News.am” լրատվական կայք), Անուշ Դաշտենցը (“Tert.am” լրատվական կայք), Շանթ Խլղաթյանը (“Արմենպրես” պետական լրատվական գործակալություն), Հռիփսիմե Ջեբեջյանը (“Առավոտ” օրաթերթ) պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատվոգրով, իսկ Ռուզաննա Ստեփանյանը (“Ազատություն” ռադիոկայան), Լուսինե Վասիլյանը (“Ռադիոլուր” լրատվական գործակալություն), Մարիաննա Ղահրամանյանը (“Արմնյուզ” հեռուստաընկերություն), Նարինե Իրիցյանը (“Ա1պլյուս” լրատվական կայք), օպերատոր Կարեն Պետրոսյանը (“Միր” հեռուստաընկերություն) պարգեւատրվել են ՀՀ Աժ նախագահի շնորհակալագրով:
Պետական գերատեսչության բաց եւ թափանցիկ աշխատանք ապահովելու եւ զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ համագործակցելու համար ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը, ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինե Արզումանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը եւ օրենսդիր իշխանության գործունեությունը հանրության ուշադրության առանցքում պահելու, պրոֆեսիոնալ, օպերատիվ եւ անաչառ աշխատանքի համար “Արմենպրես” պետական լրատվական գործակալությունը, “Առավոտ” օրաթերթի խմբագրությունը, “Արմնյուզ” հեռուստաընկերությունը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով:
Զինված ուժերի գործունեության մասին հանրությանն օպերատիվ իրազեկելու, հասարակություն-բանակ կապն ամրապնդելու համար ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, hրապարակային աշխատանքի, արագ արձագանքման եւ հասարակայնության հետ կապերի բնագավառում բազմամյա փորձի համար ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, hանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու, խորհրդարանի աշխատանքը բազմակողմանի ներակայացնելու համար “Orer.am” լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:
Դիտեք նաեւ տեսանյութը: