Ինչպես խուսափել «նվաստացման դարաշրջանից». «Փաստ»
Մեկը մյուսին հետևող խնդիրների ու ճգնաժամերի պարագայում տպավորություն է, թե չենք նկատում՝ ինչպիսի ճանապարհով ենք շարժվում և ինչ թափով ենք գլորվում անդունդը։ Կարծես թե հանրության մի որոշակի հատվածի շրջանում չկա պահի լրջության ամբողջական գիտակցումը, որ այնպիսի մի աղետալի վիճակի մեջ է մեր պետությունը հայտնվել, որ մեզ հետ արդեն վերջնագրերի լեզվով են խոսում։ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված 5 կետերից բաղկացած առաջարկները հենց դրա վկայությունն են, քանի որ դրանցում ընդգրկված ձևակերպումները բացարձակ հակահայկական բնույթ ունեն։
Այնինչ, Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացում չի եղել որևէ դեպք, որ հակառակորդ պետությունն այնքան լկտիանա, որ ուլտիմատումի դիրքերից խոսի հայկական կողմի հետ։ Դրա մասին է վկայում հենց նույն «մինիսուլթանի» հայտարարությունը, որ Ադրբեջանը 30 տարի պարտված է եղել Հայաստանին բոլոր առումներով: Իսկ այսօր, ներկայացված առաջարկների հետ մեկտեղ, Ադրբեջանը լարվածություն է հրահրում մի կողմից՝ Սյունիքում, մյուս կողմից էլ՝ Արցախում՝ հումանիտար ճգնաժամ ձևավորելով և այնպիսի պայմաններ ստեղծելով, որ մարդիկ հեռանան իրենց բնակավայրերից։ Պարզ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի առաջացրած միջազգային ռեզոնանսից ու Արցախի դեմ իր ագրեսիան հասցնել տրամաբանական ավարտին։ Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Ադրբեջանի պրոիշխանական լրատամիջոցներում հակառուսական քարոզչության դոզայի ավելացումն ու ռուսական խաղաղապահների վարկաբեկման արշավը։
Այսպիսով, հակառակորդը փորձում է հիմքեր ստեղծել ռազմական գործողությունների վերսկսման համար՝ պատճառաբանելով, թե իր առաջարկները մերժվել են։ Հենց Նիկոլ Փաշինյանն էր խոստովանում, որ Ադրբեջանը միշտ այնպիսի դիրքորոշում է որդեգրել, որ երբ հայկական կողմը հակամարտության լուծման որևէ տարբերակի համաձայնել է, ապա հենց այդ պահից Բաքուն նոր պահանջներ է առաջ քաշել։ Բնականաբար, ներկայիս պայմաններում, երբ Հայաստանը պարտված ու թուլացած վիճակում է, Ադրբեջանը անընդհատ լկտիանալու է ու նոր պահանջներ առաջ քաշի։ Եվ եթե նույնիսկ հիպոթետիկ ձևով դիտարկենք, որ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները քննարկվում կամ որոշակիորեն փոփոխված ձևով ընդունվում են, միևնույնն է, հակառակորդը կանգ չի առնելու, նորից պատճառ է գտնելու իրավիճակը սրելու համար։
Սրան զուգահեռ՝ Հայաստանի իշխանություններն իրենց վախկոտ ու ապաշնորհ կեցվածքով ավելի են գրգռում հակառակորդի ախորժակը։ Անկարան ու Բաքուն տեսնում են, որ ՀՀ իշխանությունները որևէ կերպ դիմադրել չեն ցանկանում և ամբողջովին հակված են զիջումներ կատարելու տարբերակին, և դրանից թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնություններն ավելի են մեծանում, ու նրանք մեծացնում են ճնշումը։ Տեսեք, ՀՀ իշխանավորները հայտարարում են, թե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, սակայն Թուրքիայից հնչում է ուղերձ, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի համար պետք է լուծվեն Ադրբեջանի հետ եղած խնդիրները։
Այլ կերպ ասած՝ Թուրքիան որպես առաջնային նախապայման է դիտարկում Բաքվի կողմից ներկայացված ուլտիմատումի կատարումը։ Դրա համար էլ թուրքական պաշտոնական շրջանակները հայտարարում են, թե Հայաստանը պետք է ընդունի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով Անկարայի ու Բաքվի մեկնած ձեռքը։ Իսկ եթե այս գործընթացն ավելի խորքային ենք դիտարկում, ապա ստացվում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմին ո՛չ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է հետաքրքրում, ո՛չ էլ տարածաշրջանում խաղաղության հաստատումը, այլ միայն այն, որ Հայաստանն անվերջ զիջումներ կատարի իրենց։ Թվում է՝ հակառակորդի պահանջներին հերթով ընդառաջ գնալու փոխարեն, ՀՀ իշխանությունները պետք է հսկայական աշխատանք կատարած լինեին նրանց ճնշմանը դիմագրավելու ուղղությամբ:
Այս ամենի հետ մեկտեղ՝ իրենց ապաշնորհությունը քողարկելու համար իշխանությունները հանրային օրակարգն անհեթեթություններով ու երկրորդական հարցերով են լցնում։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը լուրջ դեմքով խոսում է իրենց «ռեֆորմների» մասին՝ աղամաններ ու հակածխախոտային պայքար, ու ոչ մի խոսք Արցախի մասին, սահմանի մասին, այն դեպքում, երբ հակառակորդը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում, իսկ Հայաստանի սահմանային տարածքների ու ամբողջ Արցախի քաղաքացիները անվտանգության խնդիր ունեն կամ զրկված են ամենատարրական իրավունքներից։ Մեկ անգամ չէ, որ համոզվում ենք, որ Փաշինյանն ու իր թիմակիցները ոչ մի լուրջ խնդիր լուծող չեն, ընդամենը իշխանություն պահելու հարց են լուծում։ Եվ այլևս կասկած լինել չի կարող այն հարցում, որ իշխանությունների խոստացած «խաղաղության դարաշրջանը» Հայաստանի նվաստացման դարաշրջան է, որը կփակվի միայն այն դեպքում, երբ այս իշխանությունները վերջապես բոլորիս ազատեն իրենց ներկայությունից, որ Հայաստանն ու Արցախը կարողանան շնչել։