Նախագահին վիրավորելու համար 16-ամյա աշակերտ է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալել են 16-ամյա մի աշակերտի, ով, սստ շրջանառվող տեղեկությունների, վիրավորական խոսքեր է հնչեցրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Սոնդաքիքա» լրատվակայքը տեղեկացնում է, որ նախօրեին Քոնիայում կազմակերպվել է 84 տարի առաջ հետադիմական ուժերի կողմից սպանված, հեղափոխական նահատակ համարվող կրտսեր լեյտենանտ Մուստաֆա Ֆեհմի Քուբիլայի հուշ-երեկոն: Միջոցառման ժամանակ նախաձեռնող խմբի անունից լրատվամիջոցների համար հայտարարությամբ է հանդես եկել ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մ. Է. Ա.-ն: Խոսքի վերջում նա անդրադարձել է նաև Թուրքիայի օրակարգային հարցերից կոռուպցիային, կաշառակերությանը, գողությանը և այդ համատեքստում մեղադրել է իշխանություններին ու մասնավորապես նախագահ Էրդողանին:
Ոստիկանները հենց դպրոցից բերման են ենթարկել վերոնշյալ աշակերտին ոստիկանական բաժանմունք և հարցաքննել: Հարցաքննությունից հետո տեղափոխվել է Քոնիայի քրեական N1 դատարան: Վճիռ է կայացվել աշակերտի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:
Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված աշակերտին, համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի, կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկում, եթե նրա դեմ քրգործ հարուցվի և ապացուցվի մեղավորությունը:
Ermenihaber.am