Աննախադեպ իրավիճակ ԲԴԽ-ում. «Ժողովուրդ»
Աննախադեպ իրավիճակ է ԲԴԽ-ում։ ԱԺ ուղարկված Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ցուցակը հետ է կանչվել, եւ որոշումը՝ ոչնչացվել:
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը, անտեղյակ լինելով օրենսդրական վերջին փոփոխությունից, Ազգային ժողով է ուղարկել քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար եւս երկու դատավոր ընտրելու համար, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար պետք է ընտրի երկու դատավորի այն դեպքում, երբ նշված պալատում ազատ հաստիքներ չկան, արդյունքում պալատի դատավորների թիվը կկազմի 8՝ օրենքով սահմանված 6-ի փոխարեն:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ն ԱԺ-ից հետ է կանչել Վճռաբեկի դատավորների թեկնածուների ցուցակը, եւ դեռ ավելին՝ աննախադեպ քայլի են գնացել՝ ոչնչացնելով որոշումը: