«Իյա՜, իրո՞ք, մոռացե՞լ եք ժողովուրդ». Անի Խաչատրյանը՝ իշխանական խմբակցությանը
Այնպես ներկայացրեցիք 2021 թվականի կատարողականը, որ ուզում եմ կրկնել հայտնի խոսքը՝ «յա, իրո՞ք». մոռացե՞լ եք, որ 2 ամիս առաջ այս դահլիճում քվեարկեցինք այս կատարողականը եւ այս զարգացման ծրագիրը կտարած քաղաքապետին անվստահություն հայտնելու օգտին: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Հիմա այս դահլիճում մենք ոգեւորված քննարկում եւ քվեարկելու ենք Հայկ Մարությանի 2021 թվականի բյուջեի կատարողականն ու զարգացման ծրագիրը: Ներողություն, ժողովուրդ ջան, դուք ասում էիք՝ քաղաքական է մեր որոշումը, հետո արդեն սկսեցիք Հայկ Մարությանի վատ աշխատանքի արդյունքները ներկայացնել, բայց ես Հայկ Մարությանի անվստահությանը միացել եմ ոչ թե քաղաքական պատճառներով, այլ բյուջեի թերակատարման ու զարգացման ծրագրի հետ կապված: Բնականաբար, ես Հայկ Մարությանի բյուջեի կատարողականին ու զարգացման ծրագրին կողմ չեմ քվեարկելու»,-ասաց նա:
Նշենք, որ Երեւանի ավագանիում այսօր քննարկվում է Երեւան քաղաքի 2021 թվականի ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ի գիտություն ընդունելու հարցը: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումների ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Մերի Հարությունյանը բավական դրական լույսի ներքո թվարկեց այդ ծրագրում տեղ գտած եւ կատարված քայլերը: