Գնում ենք դեպի հաղթանակ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում երկիրն արդեն անցել է շրջադարձային կետը։ Նրա խոսքով՝ առջևում միայն հաղթանակի ճանապարհն է, գրում է rbc.ua-ն՝ նախագահի թարմ տեսաուղերձին հղումով։
«Անհնար է ասել, թե քանի օր դեռ պետք է ազատագրենք մեր հողը, բայց կարելի է ասել, որ դա կանենք։ Որովհետև մենք դրան ենք ձգտում։ Քանի որ մենք արդեն հասել ենք ռազմավարական շրջադարձի, մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ մեր հաղթանակը», – ասել է Վլադիմիր Զելենսկին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն: