Ընդդիմադիրներն առաջարկում են, որ պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներն անցնեն կամ վեցամսյա դասընթացներ, կամ ծառայեն Երևանին կից զորամասերում
Ազգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ յուրաքանչյուր անձ պետք է համապաստախան մասնագիտական ունակություն ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների իրականացման առումով, որովհետև հետագայում այդ անձը պետք է մասնակցություն ունենա երկրի պաշտպանությանը:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկու առաջարկ ունի. կամ նման անձնավորությունները պետք է վեցամսյա ուսումնական դասընթացներ անցնեն համապաստապան անվտանգության պայմաններում, որ հեռանկարում ոչ մի խնդիր չառաջանա, կամ իրենց ծառայությունը շարունակեն, բայց պաշտպանության նախարարին տալ լիազորություններ, որ ինքը որոշի անվտանգ պայմաններում ծառայության:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ առաջարկում է արտոնությունները սահմանել այլ ձևով. առավել նպատակահարմար է, որ սահմանվի կոնկրետ արտոնություն այդ խմբի քաղաքացիների համար պայմանական Պաշտպանության նախարարի հրամանով կամ մեկ այլ կարգավորման ձևով ՊՆ-ում, Գլխավոր շտաբում, ԱԱԾ սահմանապահ զորքերի կենտրոնական ապարատներում կամ Երևանին կից զորմասերում ծառայեն:
«Մենք մի կողմից ասում ենք, որ իրավունք ունի չծառայելու կամ իրավունք ունի ծառայելու, բայց երբ խոսում ենք արտոնությունների մասին, ռեալ արտոնություն չկա. իմ առաջարկի դեպքում կլինի ռեալ արտոնություն, որի պայմաններում կսահմանվի ցանկ, որտեղ կարող են ընտրել վերոնշյալ ընտանիքի ներկայացուցիչները ու ծառայություն կրեն պայմանական անվտանգ վայրերում: Կարծում եմ՝ որևէ խնդրահարույց հարց չկա, դա որևէ ձևի չի հակասում մեր քննարկումներին», – ասաց Տիգրան Աբրահամյանը: