Գները իջել են. ՏՄՊՊՀ /վիդեո/
՛՛Դրամի կտրուկ արժեզրկոմը լուրջ ազդեցություն է թողել ապրանքների գների մակարդակի վրա, սակայն փոխարժեքի կայանացումից հետո դրանց գները մեծ չափով իջել են՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Վերջինս նշեց, որ ուսումնասիրել են խոշոր ընկերությունները, որոնք զբաղվում են շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի, ձվի արտադրությամբ և վաճառքով:
՛՛Մեր հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում Երևանի խոշոր սուպերմարկետներում, իսկ մնացած ապրանքային շուկայի մասով՝ լինի ընկույզ, մսամթերք խնձոր, այսինքն` որտեղ բազմաթիվ տնտեսվարողներ են գործունեություն իրականացնում, ու շուկան մրցակցային է, մեր հանձնաժողովը գների վերահսկման կամ կարգավորման գործառույթ չունի՛՛,-հայտարարեց Շաբոյանը:
Ինչ վերաբերում է բենզինի գնին. Շաբոյանը նկատեց, որ ՀՀ-ի շուկայում բենզինի գները սեպտեմբերից սկսած պարբերաբար նվազել են սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում՝ 470 դրամից` հասնելով 440 դրամի /հեղ.-ռեգուլյար տեսակը/:
՛՛Նոյեմբերի կեսերին 440-ից բարձրացել է`հասնելով 470 դրամի, այսինքն՝ 6 տոկոսի չափով բարձրացել է: Եթե փոխարժեքի խնդիրը չլիներ, բենզինի գների նվազումը կլիներ շարունակական՛՛:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` այս տարվա ընթացքում հայաաստանյան ընկերությունները բենզինի ներկրումն իրականացնում են ռուսական շուկայից, ՌԴ շուկայում միջազգային շուկայի համեմատ բենզինի գնի նվազումը ավելի դանդաղ է ընթանում: