Գալուստ Սահակյանն այցելել է Գավառի մանկատուն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ
սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցում
էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ
Նալբանդյանը:
Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով եւ ջերմությամբ դիմավորել են մանկատան
սաներն ու աշխատակազմը:
Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել է
մանկատան անձնակազմի եւ սաների հետ, ծանոթացել վերջիններիս կեցության
պայմաններին:
Նա այցելել է երեխաների ննջարաններ, խաղասրահ, դասասենյակ, գրադարան եւ
ճաշարան ` ծանոթանալով ճաշացանկին:
ԱԺ նախագահը ներկա է գտնվել նաեւ գորգագործական խմբակի դասընթացին , որտեղ
մանկատան սաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, գորգերը եւ
գոբելենները:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ մանկատանը բնակվում է 62
երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 3-ը Գավառի
պետական համալսարանում եւ հպարտությամբ հավելել, որ 5 տղաներ ծառայում են
հայոց բանակում: Տնօրենն ընդգծել է նաեւ, որ 2014 թվականի ընթացքում մանկատնից
որդեգրվել են 21 երեխաներ:
Մանկատան սաները մեծ սպասումով եւ հուզմունքով ամանորյա խորհրդանշական
ներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի եւ ներկաների համար: Երեխաների ուրախ
տրամադրությունը եւ ներկաների հուզմունքը եզրափակել է տոնի խորհրդանիշ Ձմեռ
պապը, ով ներկաներին բաժանել է ԱԺ նախագահի կողմից բերված նվերները:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ
Ծննդի տոների առթիվ, ներկաներին մաղթել է քաջառողջություն եւ երազանքների
իրականացում:
Խորհրդարանի ղեկավարի խոսքերով` անշուշտ ողջունելի է, որ մանկատունն ունի լավ
պայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր: Հանդիպման
ավարտին մանկատան սաները ԱԺ նախագահին են նվիրել իրենց ձեռագործ
աշխատանքներից: