Ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ. Թաթոյան
Ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ, ասված է ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատակազմի տարածած հայտարարությունում:
«Բա ինչպե՞ս կբացատրեն, օրինակ, իսլամի հիմնադիր Մուհամեդի հայտնի կարևոր հրովհարտակը կամ ֆերմանը, որը նա ընդունել է դեռ 626թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամի իր 40 պատվիրակներով նրան այցից հետո ու դրանով պաշտպանության տակ առել «Երուսաղեմում, Դամասկոսում և արաբական շրջաններում» Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, եկեղեցիները, վանքերը, այդ թվում՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը, կրթական հաստատությունները, սեփականությունը: Հետագայում էլ դա պահպանվել է:
Պատմական փաստերն են ապացուցում մեր ժողովրդի, ինչպես նաև Հայ եկեղեցու հարգանքը իսլամի ու մյուս կրոնների նկատմամբ՝ սկսած այն երկրներից, որտեղ իսլամ են դավանում
Իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ:
Ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը թշնամանք է հրահրում այն երկրներում ապրող հայերի նկատմամբ, որտեղ իսլամ են դավանում: Սա թշնամանքի հրահրում է ժողովուրդների միջև:
Արցախում կանգուն էր մնացել ու պահպանվում էին, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ: Երևանում կա գործող մզկիթ:
Փոխարենը՝ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծեցին ու պղծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիները, ոչնչացրին Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ պղծեցին Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, ոչնչացրին հայկական խաչքարերը Շուշիում և Հադրութում և այլն: Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, չկա խորանը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ:
Ներկայում պետական մակարդակով ամեն ինչ անում են` փոխելու համար Հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը:
Այս քաղաքանությունն արդեն արտահայտվում է խոշտանգումների նոր ձևերով, որոց ենթարկում են հայ գերիներին` կապված կրոնական պատկանելիության հետ:
Այնպես որ ադրբեջանական այս հայտարարությունները բացարձակ կեղծիք են, ունեն քաղաքական շարժառիթներ և խիստ վտանգավոր են խաղաղության համար:
Այս բոլոր փաստերը մանրամասն ներկայացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2 օր առաջ հրապարակված այս զեկույցում են», – ասված է հաղորդագրությունում: