22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը. ՀԺՄ

Մինչ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններն ամենաբարձր մակարդակով մտահոգություններ են հայտնում Հայաստանում խոսքի ու մամուլի ազատության իրավիճակի խիստ վատթարացման կապակցությամբ, ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իշխանության առանձին ներկայացուցիչներ (հաճախ՝ նաև նախկին լրագրողներ) իրենց անպարկեշտ խոսքով, լրագրողներին պիտակավորելու ցածրարժեք ու գռեհիկ ելույթներով, անցնելով բարեկրթության բոլոր սահմանները, կարծես բացահայտում են իշխանությունների, անձամբ Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքը մամուլի և ընդհանրապես ազատ խոսքի նկատմամբ։

Տևական ժամանակ է՝ իշխանություններն ամենատարբեր հարթակներից ու ամենատարբեր ձևաչափերով տոտալ հարձակում են սկսել Զանգվածային լրատվամիջոցների դեմ, և իշխող կուսակցության առանձին ներկայացուցիչների ելույթները սոսկ դրա արտահայտությունն են։

Ազատ խոսքն ու մամուլը, բոլոր թերություններով հանդերձ, մնացել են այն եզակի ինստիտուտները, որոնք փորձում են հակակշռել ու զսպել օրեցօր դեպի բռնապետություն գնացող իշխանությանը։

Իշխանությունների այս հակաժողովրդական և հակաժողովրդավարական գործելաոճին երբեմն նպաստում են նաև լրագրողական համայնքում առկա միասնականության և մասնագիտական համերաշխության՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված ցածր մակարդակը, որոշ դեպքերում՝ նաև էթիկայի կանոնները խախտելու որոշ դրսևորումները։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խոստորեն դատապարտում է իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից մամուլի դեմ ուղղված հակաէսթետիկ հայտարարությունները՝ իշխանություններից պահանջելով կարգի հրավիրել թիմակից խոսափողներին և կանխել քաղաքակրթության դեգրադացիան երկրում:

Լրատվամիջոցներին ու լրագրողներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, սադրիչ հայտարարություններին և գործողություններին, և նույնիսկ ամենածանր իրավիճակներում հավատարիմ մնալ մասնագիտական բարձր առաքելությանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ