22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուպերվարչապետությունից դեպի սուպերնախագահության անցնելու՝ Նիկոլի անսքող ձգտումն ու փափագը. «Փաստ»

Սահմանադրական փոփոխությունների թեման դարձել է հանրային օրակարգի անբաժան մասը։ Սակայն այս թեման նոր չէ և անընդհատ շրջանառության մեջ է դրվել։ Խնդիրն այն է, թե երբ ու ինչ կոնտեքստում: Դեռևս 2018 թվականին վարչապետ ընտրվելու ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա։

Սակայն նա այդպես էլ ոչինչ չարեց իր կողմից սուպերվարչապետական որակված համակարգը փոխելու համար, ավելին՝ տարբեր լծակների միջոցով լիազորություններն ավելի կենտրոնացրեց իր ձեռքում, բայց շատ չանցած, առանց ամոթի նշույլի, հայտարարեց, թե սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացած է։ Իսկ արդեն 2018 թվականի դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ակնարկում էր, թե «ժողովուրդ ջան, եթե ուզեք՝ կվերադառնանք նախագահական համակարգին»։ Ու ադպիսով, նախագահական համակարգին անցնելու թեման հետաքրքրության առարկա դարձավ և ներմուծվեց հանրային դաշտ։

Ապա 2020 թվականի հունվարին Փաշինյանը հայտարարեց, թե կիսանախագահական համակարգը մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, սակայն, ի հակադրություն այս դիրքորոշման, 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հնարավոր համարեց կիսանախագահական համակարգին անցնելը։ Մի քանի ամիս անց՝ արդեն 2021 թ. դեկտեմբերին, Նիկոլը կրկին փոխեց միտքը՝ հայտարարելով, որ վերջին ամիսների իրադարձություններն ապացուցեցին գործող մոդելի արդյունավետությունը, ուստի ինքը ճիշտ չի համարում կիսանախագահական կամ նախագահական կառավարման համակարգին վերադառնալը։ Ինչպես երևում է՝ կառավարման համակարգի փոփոխության հարցում միակ հստակ իրողությունը Փաշինյանի անընդհատ մտափոխվելն է։ Ինչպես, ի դեպ, բոլոր հարցերում:

Եվ սա արդեն զարմանալի չէ. երբեք չի եղել մի հարց, որի առումով Նիկոլի տեսակետները հստակ լինեն: Երևի բացառությամբ մի հարցի՝ ամեն գնով պաշտոնը պահելու… Հիմա արդեն իշխանությունները որոշել են սահմանադրական բարեփոխումների նոր խորհուրդ ստեղծել այն պարագայում, երբ 2020 թվականի սկզբին արդեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով էր ձևավորվել, որի գործունեության կոնկրետ արդյունքների մասին այդպես էլ չիմացանք։ Սակայն ուշագրավ է, որ նոր ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկվել են բացառապես այնպիսի մարդիկ, որոնք Փաշինյանի համախոհներն են և առանց մտածելու, առանց քննարկելու սատարելու են նրա կողմից առաջ քաշվող ցանկացած օրակարգ։ Այդ դեպքում ինչո՞ւ 2020 թվականին սահմանադրական փոփոխություններ տեղի չունեցան։ Համավարա՞կը:

Չէ, նման «մանր-մունր» հարցը Նիկոլին հետ չէր պահի իր նպատակից, եթե այդ նպատակը հնարավոր չլիներ լուծել այլ ճանապարհով, թեկուզ՝ անօրինական: Իրականում պատճառն այն է, որ այդ ժամանակ ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հիմնական խնդիրը սահմանադրական փոփոխությունների միջոցով ՍԴ-ի հարցերը լուծելն էր։ Իսկ ՍԴ դատավորների հարցն, ի վերջո, լուծեցին առանց Սահմանադրությունը փոխելու, ԱԺ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնություն անցկացնելու միջոցով, նույնիսկ առանց ՍԴ եզրակացություն ստանալու, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ։

Իսկ այս անգամ սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման նպատակը ո՞րն է, ի՞նչ նպատակներ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը։ Հասկանալի է, հանրության մեջ կարող են տրամաբանական հարցեր առաջանալ, թե արդյո՞ք Սահմանադրություն փոխելու ժամանակն է, երբ երկրի անձեռնմխելիությունը խախտված է և հակառակորդը հանգիստ դիրքավորվում է Հայաստանի տարածքում, կամ արդյո՞ք Սահմանադրությունն ու կառավարման համակարգն էին պատճառը, որ Արցախյան պատերազմի ընթացքում խայտառակ այս իշխանությունը խայտառակ կապիտուլ յացիայի ենթարկվեց։ Իրականում հարցն այլ շերտեր ունի։

Նախ՝ Փաշինյանը հասկանում է, որ իշխանության վարկանիշը գահավիժում է, դրա համար էլ ցանկանում է կառավարման համակարգի փոփոխության պատրվակի ներքո իր իշխանությունը հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով պահելու հարց լուծել։ Դրա հետ մեկտեղ՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող քաղաքական կուսակցությունը չունի այն քաղաքական կապիտալը, որը երևակայում էր Փաշինյանը։ Այսինքն, կորցրել է նաև էլեկտորատը: Մյուս կողմից՝ ՔՊ-ն ընդհանրապես չի կարող հանդես գալ որպես գաղափարական հիմքերի վրա դրված քաղաքական ուժ, և եթե մի օր իշխանության չլինի, ապա մարդիկ կմոռանան, թե մի ժամանակ նաև այդպիսի քաղաքական միավոր է եղել։

Ի դեպ, կմոռանա նաև քպականների գերակշիռ մասը: Շատ հավանական է, որ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին (արտահերթ, թե հերթական) հազիվ կարողանան անցողիկ շեմը հաղթահարել։ Հասկանում է նաև, որ երբ իր դիրքերը ավելի թուլանան, ապա խորհրդարանում ծվարած հենց իր կուսակցության ներկայացուցիչները կարող են բարձրացնել կամ ուղղակի կազմակերպել իր պաշտոնանկության հարցը։ Չէ՞ որ այդ մարդկանց միավորում են ոչ թե գաղափարական սկզբունքները, այլ պարգևավճարներն ու իշխանական կարգավիճակը։ Փաշինյանը նաև հաշվի է առնում, որ Հայաստանում իր իշխանությունը հիմնված է անձնիշխանական համակարգի վրա։ 

Եվ պատահական չէ, որ եթե պետական կառավարման համակարգում որևէ մեկն այլ տեսակետ է ունենում կամ հակառակվում է Փաշինյանի քաղաքական ուղեգծին, ապա միանգամից հեռացվում է կառավարման ոլորտից ու անմիջապես պիտակավորվում։ Այսինքն, պետական կառավարման համակարգը նույնականացվում է Փաշինյանի անձի հետ։ Ուստի իրեն վատագույն սցենարների հնարավոր տարբերակներից ապահովագրելու համար Փաշինյանը մտածում է սահմանադրական փոփոխությունների միջոցով ամբողջովին նախագահական համակարգին անցնելու մասին, որի դեպքում ընտրողներն իրենց ձայնը տալու են ոչ թե կուսակցությանն, այլ անձին։

Այստեղ նա հույս ունի կրկին շահել սոսկ իր անձի հանդեպ հանրության շատ հստակ հատվածի (մենք դեմ ենք մեր հասարակության որևէ անդամի պիտակավորելուն, որքան էլ մեծ լինի գայթակղությունը հստակ ձևակերպումներ տալու)` դեռևս պահպանվող որոշակի «համակրանքը» Նիկոլ «փրկչի» կերպարի նկատմամբ: Ու այս ամենը նա կներկայացնի այնպիսի սոուսով, թե նախագահական կառավարման համակարգը հսկայական առավելություններ ունի խորհրդարանականի նկատմամբ։ Սակայն այն իրականում ոչ թե նախագահական համակարգ է լինելու, այլ սուպերնախագահական։ ՈւՓաշինյանը դրանով փորձելու է վերացնել իր կախվածությունը կուսակցությունից ու ընդհանրապես խորհրդարանում առկա համամասնությունից։

Ըստ էության, սոպերվարչապետությունը Փաշինյանին չի գոհացնում, քանի որ, եթե օրենսդրական մեխանիզմները գործեն, ապա հնարավոր է, որ վարչապետի նկատմամբ որոշակի զսպող հակակշիռներ գործեն։ Նրան կոնկրետ սուպերնախագահություն է պետք, որպեսզի բացարձակ անձնիշխանություն ձեռք բերի և, ուժային մարմինների ու կառավարական կառույցների բոլոր թելերը կենտրոնացնելով իր ձեռքում, ճնշի ցանկացած այլախոհական դրսևորում։ Եթե հասցնի…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ