Բավական է, չի կարելի. ԱԳՆ-ի հայտարարությունը հայելային հետքաշման վերաբերյալ սխալ քաղաքականություն է. Արման Թաթոյան
Ադրբեջանի կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Դրանք կեղծ շղարշ են միջազգային հանրության համար՝ իրական դեմքը քողարկված պահելու նպատակով», – ընդգծեց նա։
Ըստ Թաթոյանի՝ պատերազմից հետո մեկ գրամ անգամ չի նվազել ատելությանը, հայատյացության քաղաքականությունը։
«Խաղաղությունը կարևորագույն, բարձրագույն արժեք է, բայց երբ մենք մեր իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունենք, ավելի մեծ պրոբլեմների մեջ կարող ենք հայտնվել, գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է», – նշեց ՄԻՊ-ը
Թաթոյանն ասաց, թե ԱԳՆ-ի հայտարարությունը հայելային հետքաշման վերաբերյալ սխալ քաղաքականություն է։
«Դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է, ես հարգում եմ ԱԳՆ-ի աշխատանքը, բայց սա սխալ մոտեցում է, որովհետև հարց է առաջանում՝ մենք ո՞ւր պետք է քաշվենք, որտեղի՞ց պետք է քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է քաղաքացիների տների միջով, հողերի միջով, հետևաբար, այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները։ Լավ, հետ քաշվեցինք, մարդկանց ո՞նց ենք թողնելու այդ իրավիճակաում, մենք, այսպես ասած, թիկունք էլ չունենք, ես ասում եմ ամենայն վստահությամբ՝ մենք պետք է մարդու իրավունքների փաստերը հիմք վերցնենք։ Հայելային հետքաշումը, ի՞նչ, է վերականգնելու է մարդկանց բնականոն կյանքը՞, ինչպե՞ս, մարդիկ, որ իրենց հողերը կորցրել են, արյդոք վերադարձվելու են, գլխավոր հարցերն այստեղ են», – ընդգծեց նա։
Արման Թաթոյանն ասաց, թե քաղաքական ու ռազմական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։
«Բավական է, չի կարելի, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Եթե մենք շարունակենք կտրել անվտաnգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաև անվտանգությունից, մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով», – հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ը։