Ցանկանում եմ, որ Արդարադատության նախարարությունը, կարգապահական վարույթներ հարուցելիս, այսուհետև շեշտը հիմնավորվածության վրա դնի․ Զարուհի Նախշքարյան
«ԲԴԽ որոշումն ինձ համար կանխատեսելի չէր։ Բոլոր դեպքերում, ես պատրաստ էի ամեն արդյունքի․ կարող էր բավարարվել, կարող էր մերժվել։ Լավ է, որ այսպիսի որոշում կայացվեց և կայացվեց միաձայն»,- լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ ԲԴԽ որոշման վերաբերյալ։
«Իմ ցանկությունն է, որ Արդարադատության նախարարությունը այսուհետև կարգապահական վարույթներ հարուցելիս ավելի մեծ ջանքեր գործադրի՝ հիմնավորվածության տեսանկյունից։ Շեշտը դնի ոչ թե քանակի, այլ հիմնավորվածության վրա։ Իրենց դուր չեկող անձանց համակարգից հեռացնելը չի կարող ինքնանպատակ լինել»,-շեշտեց դատավորը։
Զարուհի Նախշքարյանը նաև հույս հայտնեց, որ դատական իշխանության ներկայացուցիչները և իր գործընկերները այսուհետև ավելի համարձակ կլինեն և կշարունակեն անկախ գործել։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարարության վարույթը ԲԴԽ-ն այսօր մերժեց։ Որոշումն ընդունվեց միաձայն։
Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ Արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ էր հարուցվել Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս դժգոհ էր մնացել դատավորի կայացրած որոշումից, որով դատարանն իրեն պարտավորեցրել էր ներողություն խնդրել լրագրողից և վճարել 600.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում։