22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 1)

Երեք սփյուռքահայ մտավորականներ՝ Ժիրայր Լիպարիտյանը( Բոստոն), Ռոբերտ Այդաբիրյանը( Փարիզ) և Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս) հրատարակել են «Սպիտակ թուղթ» գիրքը, որն  իր նպատակն է հռչակում քննել 2020 թվի 44-օրյա պատերազմի ու Հայաստանի պարտության պատճառները և այդ քննության հիման վրա խորհուրդներ տալ Հայաստանի քաղաքական գործիչներին ու ղեկավարներին՝ Հայաստանի Հանարապետությունը ճգնաժամից դուրս բերելու համար։ Իսկ ինչպես իրենք են ասում՝ 2020-ի պարտությունը Հայաստանի հասարակության հիվանդության պատճառ էր․ «Այս Սպիտակ թուղթն այդ հիվանդություններն ախտորոշելու, ինչպես եւ հնարավոր բուժում առաջարկելու փորձ է»:

Այսպիսով՝ հեղինակները նախ Հայաստանի հասարակությանը կամ հասարակության մի հատվածին հիվանդ են հայտարարում, և՝ որ այդ «հիվանդության» պատճառն էր պատերազմն ու պարտությունը, ապա հավակնում են լինել այն բժիշկները որոնք կարող են բուժել հասարակության հիվանդությունները։ Ո՞րն է այդ հիվանդությունը։ Հեղինակներն ուղիղ խոսքով այդ հիվանդության անունը չեն տալիս, կփորձենք տեսնել, թե ինչ նկատի ունեն՝ հիվանդություն ասելով։

Բայց մինչ այդ՝ գիտենք, որ որևէ հասարակություն մի խումբ անձանց համար կարող է առողջ լինել, իսկ մեկ այլ խմբի համար՝ հիվանդ, օրինակ՝ ձախերի համար կապիտալիզմը հիվանդություն է, որի բուժումը  մարդու կողմից մարդու շահագործումը վերացնելն է կամ նվազագույնի հասցնելը և հավասարություն ու արդարություն հաստատելը, իսկ ազատականների համար էլ ընկերվարությունն է հիվանդություն, իսկ բուժումը հնարավորին չափ ամեն ինչի մասնավորեցումն է ու մասնավոր սեփականության հիման վրա տնտեսության ու ազատ շուկայի հաստատումը։

Նույնն էլ այս պարագայում, գրքի ընթեցումից պարզ երևում է, որ հեղինակներն ունեն որոշակի գաղափարական ու քաղաքական հայացքներ, որոնց դիրքերից «հիվանդ» են հռչակում Հայաստանի հասարակության այն  հատվածին, որի գաղափարներն իրենց համար անընդունելի են, ու իրենց, մասնավորապես՝ Ժիրայր Լիպարիտյանի շրջապատի խմբակային  շահերը կամ գաղափարները ներկայացնում որպես այդ հիվանդության բուժում։

Բարեխիղճ կլիներ, եթե հեղինակները ոչ թե անաչառ բժշկի կեցվածքով իրենց գաղափարները քողարկեին «սպեղանու» անվան տակ, այլ բաց հանդես գային իրենց ներգրավվածության ու գաղափարական դիրքերից։

«Սպիտակ թուղթը» բաղկացած է երկու մասից՝ առաջին մասում հեղինակները ի մի են բերել իրենց կազմած հարցաթերթիկներին Սփյուռքի և Հայաստանի ու Արցախի (Արցախից մեկ հոգի) մտավորականների պատասխանները, իսկ երկրորդ մասում հեղինակների վերլուծությունն ու առաջարկներն են։

Այսուհանդերձ, այդ մտավորականների անունները միայն գրքի վերջում են հանդիպում՝ «Առնչվող փաստաթուղթ 2. Պատասխանողների/մասնակիցների ցուցակ» գլխում, որում ասվում է, թե 45 մտավորական է պատասխանել իրենց հարցաթերթիկին, սակայն ցանկում 25 անուն-ազգանուն կա։

Գրքի 1/3-ից ավելին՝ 60 էջ, մասնակից մտավորականների տեսակետներն են, սակայն թե նրանցից ով ինչ է ասել, ինչ դիրքորոշում ունի, չենք կարող պարզել, փոխարենը մասնակիցների դիրքորոշումները դիմազրկված անորոշ խմբերի են բաժանված՝ այսպիսի ձևակերպումներով․ «Մասնակիցների մեծ մասը համաձայն է նաեւ…»՝ այդ մեծ մասը քանի՞ տոկոսն է, չկա, «Մասնակիցների առաջին խումբը հակված է կարծելու…»՝ այդ ի՞նչ խումբ է, ովքեր են խմբի մեջ մտնում, կա՞ն երկրորդ, երրորդ խմբեր, կարծես չկան, «Մասնակիցներից շատերը հանդես են գալիս»՝ շատերը քանի՞սն են, «Թեեւ ոմանք համարում էին, որ պետք է…»՝ ոմանք ովքե՞ր են, քանի՞ հոգի՝ երկո՞ւ, երե՞ք, «Սակայն մեկ այլ խումբ պնդում էր, որ․․․»՝ այդ ո՞րն է մեկ այլ խումբը, անուն ունի՞, «Սակայն մեծ մասի համար հարցի պատասխանը շատ տարբեր էր….» և այսպես շարունակ։

Հեղինակներն ասում են, թե մասնակիցների «ընտրության չափանիշներն էին պրոֆեսիոնալիզմը, հանրային խոսույթին մասնակցության փաստը, մտավոր պարկեշտության զգացման արտահայտումը եւ անկեղծ մտահոգությունը՝ կապված այն հարցերի հետ, որոնք պետք է քննարկվեն։ Նախաձեռնողները կարծում են, որ ցուցակում ընդգրկվել են անհատներ, որոնք ներկայացնում են վերլուծաբանների ողջ քաղաքական սպեկտրը»։

Սակայն կասկածելի է, թե այս չափանիշները կիրառվել են։ Նախ՝ հեղինակներից մեկը՝ Ժիրայր Լիպարիտյանը, եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն ու գաղափարական համախոհը, նրա հրաժարականից հետո առաջ է տարել Տեր-Պետրոսյանի շրջապատի խմբակային շահերն արտահայտող քարոզչություն ընդդեմ նրանց, ովքեր տապալեցին իրենց իշխանությունը, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապա նաև՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի։

Երկու խոսքով ներկայացնենք Տեր-Պետրոսյան- Լիպարիտյանի ու նրանց հակառակորդների  դիրքորոշումները։

Տեր-Պետրոսյան-Լիպարիտյանի և նրանց հոսանքի մեջ մտնող կուսակցությունների՝ ՀՀՇ, որ հետո վերաձևավորվեց ՀԱԿ-ի, «Քաղաքացիական պայմանագիր» և այլն, դիրքորոշումն է՝ Արցախը երբեք չի կարող անկախ լինել, միջազգային հանրությունը երբեք չի ճանաչի Արցախի անկախությունը. Ժիրայր Լիպարիտյանն պատերազմից հետո ասում է. «Արեւմուտքը, Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը»։ Մյուս կողմից էլ, թե՝ Հայաստանը չի կարող զարգանալ փակ սահմաններով (այս մասին տե՛ս Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1998-ին անվտանգության խորհրդի նիստում)։  Նաև՝ Ադրբեջանը հզորանալով պատերազմով հետ կբերի իր տարածքները։ Հետևաբար, որպեսզի Հայաստանը զարգանա, անհրաժեշտ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատել,  որոնց գինը տարածքները զիջելն է, Արցախը Ադրբեջանին հանձնելը, նաև Թուրքիայի առջև Ցեղասպանության ճանաչման հարցը չդնել և միջազգային ասպարեզում էլ Ցեղասպանության ճանաչումը չհետապնդելը։

Այս դիրքորոշումը առաջ տանելու համար էլ 1997-ին նախագահ Տեր-Պետրոսյանը ընդունեց ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը, որով տարածքները հանձնվում էին Ադրբեջանին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում էր ապագային, և գրեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որում ուղղակի չի խոսում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մասին, սակայն ամբողջ ենթատեքստը դա է։ Իսկ այդ մասին հայտնել է 1992-ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի մարտի 5-ի համարին տված հարցազրույցում. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը  լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն»:

Իսկ Ժիրայր Լիպարիտյանն էլ, որ վերոնշյալ թեզերը 20 տարի շարունակ կրկնել է, առաջին անգամ խոստովանեց, որ իրենց ծրագիրը Արցախն Ադրբեջանի մեջ թողնելն էր, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում. «Ալիևը խոսում էր, չէ՞, ինքնավար մարզի մասին, հիմա չի խոսում, ասում է՝ պատերազմով առի, և գնացեք ձեր քաղաքականության հետևանքը ապրեք և չեմ տա ձեզի այն, ինչ երկու տարի առաջ պատրաստ էի տալու»։

Շարունակելի

Վահան Իշխանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ