ԵԽ-ն այն հարթակը չէ, որի համար ԼՂ խնդիրը գերակա պետք է համարել. ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահ
Քիչ առաջ ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել եւ ընդունվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին առնչվող զեկույցը, որ ներկայացրել է գերմանացի պատգամավոր, ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակված Քրիստոֆեր Շտրասերը:
Այս մասին Ստրասբուրգից Henaran.am-ին փոխանցում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
“ Ադրբեջանական կողմը առավոտից մոբիլիզացրել էր իր ողջ լոբբիստներին, իր ողջ խավիարակերներին/Ադրբեջանի կողմից կաշառված եվրոպացի պատգամավորները,-խմբ./, որպեսզի տապալի այդ զեկույցի ընդունումը հանձնաժողովում”,-ասաց Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնելով, որ եթե զեկույցը տապալվեր հանձնաժողովում, այն լիագումար նիստի օրակարգ չէր մտնի:
Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, առավոտյան 8:30-ից բուռն քննարկումներ են գնում հարցի հետ կապված: 25 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ զեկույցը ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովում ընդունվեց, ինչը, պատգամավորի խոսքով, նշանակում է, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, ընդունված զեկույցը շատ կարեւոր է:
Մոտ երկու ժամ առաջ ավարտվել է նաեւ ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահ, Ալբանիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Էդմոնդ Հախինաստոյի ելույթը, որին հարց է ուղղել Նաիրա Զոհրաբյանը:
Մասնավորապես, մեր զրուցակիցը ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահին հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակումը հաստատել է`հիմք ունենալով ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքը, եւ հաստատել է, որ դա չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Նաիրա Զոհրաբյանն այնուհետ հարցրել է, թե չի՞կարծում արդյոք պարոն Հախինաստոն, որ ԼՂ ժողովուրդը եւս իրավունք ունի օգտվելու ազգերի ինքորոշման իրավունքի սկբունքից:
“Հարցի պատասխանը մեզ համար կարեւոր էր երկու առումով: Նախ, նա ասաց, որ իր գնահատմամբ՝ ԵԽ-ն այն հարթակը չէ, որի համար ԼՂ խնդիրը գերակա պետք է համարել: Սա ես պատասխան եմ համարում Ադրբեջանի եւ իր խավիրակեր լոբբիստների համառ ջանքերին` ԵԽԽՎ-ում վերականգելու ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը:
Կարծում եմ, ԵԽԽՎ նախարարների կոմիտեի այս գնահատականը նաեւ կարեւոր կլինի ԵԽԽՎ նախագահ Մինյոնի համար, որպեսզի նա չփորձի համառորեն հանդիպում նախաձեռնել ՀՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ”,- Henaran.am-ին փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատասխանի երկրորդ հատվածը, որը կարեւորեց Նաիրա Զոհրաբյանը, հետեւյալն է. ” Էդմոնդ Հախինաստոն , իհարկե, ասաց, որ Կոսովոյի խնդիրը, ինչպես նաեւ այլ նմանատիպ խնդիրները, պետք է առանձին դիտարկել, բայց այդուհանդերձ ասաց, որ Կոսովոյի անկախության հռչակման հիմքում ընկած է ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւրոգույն սկզբունքը եւ շեշտեց, որ այն այն պետք է հարգել”: ԵԽԽՎ-ն վաղը կշարունակի իր աշխատանքները: