«ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չի». ուսանողները բողոքի ակցիա են անում
Երևանի պետական համալսարանում ռեկտոր են ընտրում։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ շենքում։
«Մենք կոնկրետ անձի հետ խնդիր չունենք, մենք համակարգի դեմ ենք պայքարում։ Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համապատասխանեցվի իրենց ու ամեն ինչ արեցին, որ այսօր ունենք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու. այս ընտրությունները մենք օրինական ու լեգիտիմ համարել չենք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունում այսօր գտնվում է մի անձ, որին մենք համարում ենք պարտության սիմվոլ, որին մենք համարում ենք դավաճանական կառավարման կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Պապիկյան Սուրենը», – լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանը։
Նա նշեց, թե որպես Արևելագիտության ֆակուլտետի ուսանող՝ հասկանում է, որ շատ հնարավոր է՝ մի օր արթնանա ու իմանա, որ իրենց ֆակուլտետը չի գործում, քանի որ դա իշխանության քաղաքականությանը դեմ է։
Ուսանողն ասաց, որ ԵՊՀ-ն ու մնացած հիմնարկներն ամենաքաղաքականցված վիճակում են։
«Նման բռնատիրություն Հայաստանը դեռ չէր տեսել», – ընդգծեց նա։
Ուսանողները «Ոչ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը», «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով ա լինո՞ւմ», «ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չի» գրությամբ թռուցիկներ նետեցին ԵՊՀ շենքում։