29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանից Նախիջևան Մեղրիով երկաթգիծ կկառուցվի. Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են պայմանավորվածությունը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Ուրդուբաթ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման պայմանավորվածությունը:

Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում:

«Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ահա Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը այս ամենը արձանագրվեց», – ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ երկաթուղին կգործի սահմանային ու մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո:

«Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան ու Ռուսաստան, Ադրբեջանն էլ՝ Նախիջևանի հետ», – մանրամասնեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ ու հաջողվի հասնել սահմանի ու կոմունիկացիաների բացման, ապա նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ:

«Այսինքն՝ երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի ու Գյումրիից Կարս երկութուղի նույնպես գոյություն ունի: Բայց այս ամեն ինչը ասում եմ, որ մենք պետք է սկսկենք շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, իհարկե, աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է, բայց հիմա պետք է գործնական ու ամենօրյա աշխատանով լուծենք այս խնդիրը», – ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս հարցով նեղ կազմով խորհրդակցություն կանեն:

«Մեր ցանկությունն է օր առաջ ունենալ երկաթուղին, ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության ու նախագծի նշանակությունը, բայց, մյուս կողմից, չեմ էլ ուզում թերագնահատել. սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, հույս ունեմ, ճշգրիտ ձևով կիրագործենք, որն էլ էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, քաղաքական ու անվտանգային միջավայրը», – ասաց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ